«Ուրախ եմ, որ իմ ուսումնական փորձառությունը հե՛նց Սփյուռքի նախարարությունում անցկացրի». Էդվիգա Թևոսյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում իրենց ուսումնական փորձառությունն անցկացնող երևանյան բուհերի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են նախարարության ծրագրերի լուսաբանմանը: Նրանցից շատերի համար լրագրողական առաջին քայլերն սկսվում են հենց Սփյուռքի նախարարությունից. «Հայերն այսօր»-ն այս առումով մկրտության յուրօրինակ ավազան է դառնում: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի լեզվաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էդվիգա Թևոսյանի տպավորություններն իր ուսումնական փորձառության մասին.

– Բազմիցս լսել էի ՀՀ սփյուռքի նախարարության, նրա բազմաթիվ ծրագրերի, հատկապես` «Արի տուն» ծրագրի մասին և մեծ ցանկություն ունեի իմ ուսումնական պրակտիկան անցկացնել հե՛նց այնտեղ:

Ի ուրախություն ինձ` իմ պրակտիկան համընկավ  այն ժամանակաշրջանին, երբ մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը, և ես սիրով սկսեցի  հարցազրույցներ անել «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ, որոնցից շատերը գրեթե իմ տարեկիցներն էին: Աշխարհի տարբեր երկրներից այս հրաշալի ծրագրին մասնակցող հայորդիների շուրթերից  Հայրենիքի մասին հնչող հուզիչ բառերն ու արտահայտություններն այնքա՜ն  անկեղծ էին ու սրտառուչ… Ես դեռ այդ օրերի տպավորությունների ազդեցության տակ եմ և չեմ կարծում, թե երբևէ կմոռանամ իմ հարցազրույցների հերոսներին, հայոց լեզվով գրած լրագրողական առաջին փորձերս:

Այս պրակտիկան շատ կարևոր էր ինձ համար… այն օգնեց վերանայել հայերենից ունեցած իմ գիտելիքները: Որոշակի հմտություններ ձեռք բերելու հետ մեկտեղ՝ կատարելագործեցի, զարգացրեցի իմ գիտելիքների շտեմարանը և լրագրողական աշխատանքին բնորոշ որոշակի նորություններ  սովորեցի՝ կապված այդ անչափ հետաքրքիր ոլորտի հետ::

Չեմ կարող  չանդրադառնալ այն ջերմ միջավայրին, որտեղ ես աշխատում էի. մի հրաշք կոլեկտիվ, որն ինձ ընդունեց հարազատի ջերմությամբ, ընձեռեց ինքնադրսևորման բազմաթիվ հնարավորություններ և օգնեց՝ կատարելագործելու իմ գիտելիքները: Առնչվելով «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրին, տեղեկանալով նախարարության բազմաբնույթ և բազմաբովանդակ ծրագրերին՝ ակամայից ցանկացա դառնալ այդ  հետաքրքիր ծրագրերի մասնակիցն ու ականատեսը, դրանք լուսաբանողը: Հուսով եմ, որ բուհն ավարտելուց հետո անպայման կփորձեմ դառնալ հայկական լրատվադաշտի մի մասնիկը:

Շնորհակալ եմ «Հայերն այսօր»–ի բարեհամբույր բոլոր աշխատակիցներին:

Նաև շնորհակալ եմ ՄՊՀ երևանյան մասնաճյուղին, որը հնարավորություն ընձեռեց իմ ուսումնական պրակտիկան անցնելու հե՛նց ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Scroll Up