ՁՈՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ.Օդեսայի հայ համայնքի Մշակույթի տան 5-ամյա հոբելյանը

Ի՛մ ժողովուրդ դու շինարար՝
Ցրված աշխարհի մեջ արար,
Ոտքդ դրած ամեն հողում՝
Մի նոր շինություն է շողում…
Շինությունն այդ՝ մի կրթօջախ,
Մի վանք, մի ժամ, խաչքար՝ հաճախ,
ՈՒր որ հավատքի սրբությամբ
Այցելում են հպարտությամբ:
Լիզա Մոսինյան
Օդեսահայ համայնքի հավատավոր ու նվիրյալ հայորդիների բարերարությամբ դեռևս 1993-1995 թվականներին հայկական ավանդական ճարտարապետական արվեստի ոճով ծովափնյա գեղատեսիլ բարձունքին վեր հառնեց հայ հոգու նավահանգիստը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Առաքելական եկեղեցին: Նրա գմբեթների՝ դեպի երկինք խոյացող քառաթև խաչերը մեր հավատքի խորհրդանիշներն են: Տարիներ անց օդեսահայ բարերարների հայրենանվեր աշխատանքով ու միջոցներով հայոց եկեղեցու հարևանությամբ կառուցվեց համայնքի՝ Մշակույթի մեծ ու գեղեցիկ տունը: Այն կրում է օդեսահայ համայնքի հիմնադիրներից մեկի, ուկրաինահայերի և ուկրաինական բազմազգ հասարակության միջև բարիդրացիական բազմակողմանի հարաբերությունների հաստատման ու զարգացման գործի ռահվիրա Լևոն Կալուստյանի անունը: Եռահարկ, վեհաշուք ու նրբակերտ այս կառույցի ճակատին դաջված է մեսրոպաշունչ երկաթագիր հայոց տառերով բաց գիրքը: Սա ինքնին խոսում է այն մասին, որ այն սովորական շինություն չէ, այլ մշակույթի կենտրոն, հայի ինքնության պահպանման դարբնոց… Թվում է՝ հայկական ազգային արվեստի բոլոր ժանրերն իր մեջ ընգրկող մշակույթի կենտրոնն իր 5-ամյա գործունեության ընթացքում 5-դարյա աշխատանք է կատարել…
Սուրբ տաճարի զանգերի ղողանջները մշտարթուն են պահում հայապահպանման գործի նվիրյալների միտքն ու հոգին, հոգևոր սնունդ ու կորով հաղորդում նրա անխոնջ մշակներին: Մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանը
(ի դեպ, Աննան շենքի կահավորման, ձևավորման դիզայներական շատ աշխատանքների հեղինակն է), համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանը(Մարգարիտան նաև համայնքաթերթի գլխավոր խմբագիրն է), դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը, մանկապարտեզի վարիչ Մարինե Աղաջանյանը և նրանց գործընկերները քաջ գիտակցում են իրենց առաքելությունը մանուկ սերնդի հայեցի դաստիարակության, հայի ինքնության, նրա բարոյական կերպարի, հոգևոր ու մտավոր գանձերի պահպանման, զարգացման ու սերունդներին փոխանցելու գործում: Դրա վառ ապացույցն են համայնքի երիտասարդների ու նրանց կրտսեր ընկերների՝ տարբեր բեմերում ու արենաներում ունեցած հաղթական ելույթներն ու ձեռք բերած նվաճումները, բազմաբնույթ օլիմպիադաներում ու մրցույթ-փառատոներում շահած մրցանակներն ու դիպլոմները:
Օտար հողում վեր հառնած հայոց այս հյուրընկալ օջախն իր տեսքով ու բովանդակությամբ կատարյալ է. նրա յուրաքանչյուր անկյուն ձևավորված է նուրբ ճաշակով, տվյալ միջավայրին հատուկ գույնով ու ոճով, իսկ նորահարսի շղարշներ հիշեցնող վարագույրներից ներս են թափանցում արեգակի կենսաժպիտ շողերը և բարձրացնում այցելուների տրամադրությունը: Այն նման է կյանքի հավերժությունը խորհրդանշող Կենաց ծառին, որի յուրաքանչյուր ճյուղը տոհմածառի մի սերունդ է ասես: Այդ‹‹գործող տոհմածառի›› վերընձյուղվող ճյուղերն են ‹‹Արևիկ›› մանկապարտեզը, Մեսրոպ Մաշտոցի անվան քառամյա դպրոցը և նրան կից գործող ‹‹Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ›› գրական-ազգագրական ստուդիան ու ‹‹Հայ ասպետ›› հայրենագիտական խմբակը, ‹‹Բարեկամություն›› պարի և ‹‹Արաքս›› վոկալ համույթները, կանանց խորհուրդը և նրա ‹‹Նռնենի›› երգչախումբը, թանգարանը, նկարչության խմբակն ու ինֆորմացիոն կենտրոնը, ‹‹Հայկական լրատու›› հանդեսի լրագրատունը և ‹‹Վերնատուն›› համայնքաթերթի խմբագրությունը, գրադարանը, ‹‹Վերնատուն›› պատկերասրահը և մարզասրահը:
Նոյեմբերի 24-ին հանդիսականներով լեփ-լեցուն, տոնականորեն զարդարված լուսագեղ դահլիճում Օդեսայի հայ համայնքը տոնեց իր հարազատ Տան 5-ամյա հոբելյանը: Տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ հոյակապ տոնահանդես էր կազմակերպվել. մտածված էր մի ուշագրավ սցենար, որում ներկայացվեց նրա յուրաքանչյուր ճյուղի՝ ոլորտի, գործունեությունը: Տոնական տորթն անգամ ներկայացված էր եռագույն ալյաց խայտացող պատկերով:
Իրենց ներկայությամբ մեր տոնը պատվել էին քաղաքային և մարզային իշխանությունների ու գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր համայնքներից և հեռուստաալիքների լրագրողներ:
Ջերմ ու սիրալիր խոսքերով ներկաներին ողջունեց Մարգարիտա Թորոսյանը, որից հետո ժպտադեմ հաղորդավարուհիներ, գրական-ազգագրական ստուդիայի սան Ազգանուշ Վարդանյանը և մանկապարտեզի դաստիարակչուհի ու ծնող Մարինե Մկրտչյանը հայերենով և ռուսերենով ազդարարեցին միջոցառման սկիզբը… Լուսաճաճանչ սրահի կամարների ներքո թևածեցին դարերից եկող հայոց արևահամ բառն ու բանը, հուզառատ երգն ու տաղը, հեզաճկուն պարն ու նազանքը և խայտացին լույսերի շողերում…
Առաջինը բեմ բարձրացան փոքրիկ տվնջյան լուսատուները՝ արևիկցիները, և իրենց վառվռուն ‹‹ցոլքերով›› ավելի ջերմացրին լուսաշող հանդիսասրահը: Այս թոթովախոս մանուկների անաղարտ շուրթերից հնչեց մեր ազգային մեծագույն երգը՝‹‹այբ, բեն, գիմ››-ը, և նրանց քաղցրանուշ շուրթերին ‹‹մանկացավ մեր ալեհեր հայոց լեզուն››…
Մեր անուշ Հայաստանին, մեր փաապանծ ազգին ու նրա չքնաղագեղ մայրաքաղաքին նվիրված բանաստեղծություններ ու երգեր հորդեցին դպրոցի աշակերտների շուրթերից: Վարար աղբյուրի պես հոսեցին նրանք Նարեկացու և Քուչակի, Իսահակյանի և Թումանյանի, Շիրազի ու Սևակի քաղցրաբառ լեզվով, Սայաթ Նովայի անուշ բարբառով …
Ճակատագրի բերումով հայերը սփռվել են աշխարհով մեկ, սակայն ուր էլ գտնվի հայը, նրա հոգին հայերեն է խոսում. սրբազան աղոթքի նման հնչեցին՝
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ…
Հայրենակարոտ հայերի աչքերում երևացին արտասուքի բյուրեղյա կաթիլներ, երբ Սիրանուշ Մինասյանն ասմունքեց այս տողերը …Սա տունդարձի, հայրենիք վերադարձի յուրօինակ կոչ էր, կաթոգին հայրենիք, ուր արևը նայում է աչքով մայրական, և աշխարհը թվում է քաղցր ու հասկանալի…
Գրական-ազգագրական ստուդիայի (գեղ.ղեկավար՝ Էլեն Պողոսյան) անուշիկ սաները ներկայացրին ‹‹Անուշ›› օպերայի բեմականացման որոշ դրվագներ…Հանդիսատեսների համար այն ‹‹անուշ, արբեցնող գինի էր ասես››… Նահապետական գյուղի կոլորիտը ներկայացնող դեկորացիաները, յոթ տեսակի ծաղիկներից հյուսած պսակները գլխներին դրած, կժերն ուսած աղջիկների խաղը, դերասանների հադերձներն ու կատարումը այնքան համոզիչ էին ու բնական, Անուշի (Տաթևիկ Արմենակյան) ու Սարոյի (Ռաֆայել Սարկիսյան) դերակատարների դյութական ձայներն այնքան հմայիչ էին, որ մտովի տեղափոխվեցինք ‹‹էն Լոռու ձորը, ուր հանդիպակաց ժայռերը՝ խորունկ, նոթերը կիտած…››, էն չքնաղ երկիրը, որի կարոտն անքուն կանչում է անդադար…
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ազգը շատ տառապանքներ է կրել օտար զավթիչներից, բայց երբեք չի վհատվել, եղել է տոկուն, կենսասեր ու քաջ: Կռվել է իր գոյությունը, իր լեզուն, իր հողը, իր սուրբ հայրենին պաշտպանելու համար: Հայ մարդու երակներում հոսում է մայր հողի ուժը, իր թագավորի նման նա ամուր է ու աներեր հայրենի հողի վրա: Նրան ընկճելու, ծնկի բերելու համար թշնամիները հաճախ են դիմել դավերի ու նենգության: Այդ մասին են վկայում պատմիչի հաղորդած տեղեկությունները՝ պարսից Շապուհ արքայի (Վահան Պողոսյան) և հայոց Արշակ 2-րդ թագավորի (Արթուր Խաչատրյան), Շապուհի և Վասակ սպարապետի (Արմեն Վարագյան) երկխոսությունները: Մեր ժողովրդի հերոսական անցյալի այդ դրվագները ներկայացրին ‹‹հայ ասպետները›› (խմբակի ղեկավար՝ հայ ժող. պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյան):
Իսկ ‹‹Բարեկամություն›› համույթի (գեղ.ղեկավար՝ Խաչատուր Աբաջյան) տղաների փոթորկուն պարերից որոտաց դահլիճը, և թվում էր՝ հայոց սիգապանծ լեռներն են շուրջպարի իջել՝ ցուցադրելու աշխարհին հայկական բնավորություն: ՈՒրախություն և բերկրանք պատճառեց դեռատի աղջնակների պարը: Հանդիսատեսները ականատես եղան վարդ ծամերով հայուհի-գեղեցկուհիների՝ մեր հանդերի ցորենահասկերի նման ծփուն, նազելի պարերին:
Քնարական մեղմանուշ մեղեդիներ հնչեցին Շիրակ աշխարհում ծնված շնորհալի քանոնահարուհի, կանանց միության անդամ, ‹‹Նռնենի›› երգչախմբի երգչուհի Սիլվա Գևորգյանի կատարմամբ: Դարերից եկող զուլալ ու մաքուր հայ երգի հմայքը տարբեր տարիքի կանանց համախմբել է ‹‹Նռնենու›› շուքի տակ (գեղ.ղեկավար՝ կոնսերվատորիայի ասպիրանտ, երգչուհի Գայանե Հարությունյան): Սրտի անհուն խորքերից բխող նրանց քնքուշ երգերը արձագանք են թողնում ունկնդիրների հոգիներում ՝‹‹Ասում են թե՝››, ‹‹Նուբարի բոյը չինար է››, ‹‹Ինչու՞ թողիր դու հեռացար››
Տաթևիկ և Արևիկ Արմենակյանները հանդես եկան ժողովրդական երգերի ու խաղիկների շարանով, որոնցում զգացվում էր հայ մարդու սերը հայոց բնաշխարհի՝ հայրենի հողի ու ջրի հանդեպ:
Արագածի աբրեշումե փեշերին թավալվող մարգարիտ աղբյուրների երգն էր
կարկաչում ‹‹Արաքս›› համույթի կատարմամբ››(գեղ.ղեկավար՝ գրական-ազգագրական ստուդիայի սան Սիրանուշ Մինասյան):
‹‹Որքան ցանկացա›› սիրերգով կախարդեց ու գերեց ունկնդիրնեին Ռաֆայել Սարկիսյանի թավ ձայնը:
Հայկական երգն ու պարը ստեղծել էին տոնական տրամադրություն: Հաղորավարուհիները երկու լեզուներով ասմունքում էին հայ համայնքի Կենաց ծառին ու նրա ճյուղերին ձոնված օդաներ, ներբողներ: Բանաստեղծություններն ու երգերը հնչում էին դաշնամուրային երաժշտության հնչյունների ներքո. նվագակցում էին երգահան Գայանե Ասատրյանը և կոնսերվատորիայի ուսանող Վիկտոր Արնաուտը:
Այս շքեղ տոնահանդեսը ձոն էր Մշակույթի տանը, նրանում սովորող ու սովորեցնող, ստեղծող ու ստեղծագործող աշխատասեր մարդկանց:
Գրադարանավարուհի ու համայնքի սիրված բանաստեղծուհի Լիզա Մոսինյանի գողտրիկ տողերով և երգահան Գայանե Ասատրյանի հեղինակային երաժշտությամբ հյուսվեց մշակույթի տան օրհներգը. այն հնչեց բոլոր մասնակիցների կատարմամբ՝
Համայնքի համար դարձել ես օջախ,
Քո գիրկն են գալիս հյուրերն էլ հաճախ…
Այնուհետև փչեց զուռնան, ու դհոլի ձայնը թնդաց. մարդիկ մեղմ ժպտալով շրջան մտան, և նրանց ոտքերի տակ դղրդաց դահլիճի հատակը…մի քանի վայրկյան անց կիսաշրջանը բոլորեց, և թնդաց մեր նաիրյան, հնադարյան, խրոխտ պարը՝ ‹‹Քոչարին››…
Պարում էին այնպես ուժգին,
Այնպես թեթև, շռնդալից…
Դոփում էին գետինն այնպես,
Որ ասես ձայնը ոտքերի
ՈՒզում էր գնար, հասներ
Լեռնաշխարհը Հայաստանի…
Նարինե Մուրադյան, ք. Օդեսա
‹‹Վերնատուն›› համայնքաթերթի թղթակից