Ավարտական հաշվետու հանդես Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում

2017 թվականի հունիսի 23-ին, Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյան» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ 2016-2017 ուսումնական տարվա հաշվետու հանդեսը, armenianchurch.ge կայք-էջը:

Աջարիա կատարած այցի շրջանակներում հաշվետու համերգին իր օրհնաբեր ներկայությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Թբիլիսիից ժամանած պատվիրակության անդամների հետ միասին:

Միջոցառումն իր ներկայությամբ հարգել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը:

Հանդեսը, որը «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնի գործունեության հունձքը ցուցադրելու հնարավորություն էր, սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

Համերգը մեկնարկեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի ավագ և կրտսեր խմբերի սաների տոնահանդեսով. երգ, պար, արտասանություն, որ այնպես գեղեցիկ և ճաշակով ներկայացրեցին փոքրիկներն իրենց ելույթներում:

Իր հիմնադրման կարճ ժամանակաշրջանում «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից գործող ստեղծագործական խմբերը ոչ միայն զարգացրեցին և համակարգեցին իրենց արհեստավարժությունը, այլև առավել ընդարձակեցին և ծավալեցին գործունեությունը:

Դրա վկայությունը դարձան Կոմիտասյան խմբերգերի կատարումը «Աղբյուր» երգչախմբի կողմից` խմբավար Ռուզաննա Օվանեսյանի գլխավորությամբ, մենակատարներ Աննա Սողոյանի, Մարգարիտ Խումարյանի, Սոֆյա Պողոսյանի գեղեցիկ ելույթները, իսկ «Հեղնար» պարային խումբը (պարուսույց Մերինե Պողոսյան)` որպես հայկական ազգային պարարվեստի զարգացում, ցուցադրեց «Քոչարի» պարը բոցաշունչ պաթոսով:

«Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնում պատշաճ ուշադրություն է ցուցաբերվում հայոց ոսկեղենիկ լեզվի, հեքիաթների և չափածո ստեղծագործությունների իմացությանը: Ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի կողմից գեղարվեստական խոսքի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում կիրակնօրյա դպրոցի և նախակրթարանի սաները համատեղ ցուցադրեցին Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը», իսկ Մարգարիտա Դանիելյանը, Կարոլինա Բերյուկովան հանդես եկան հայրենասիրական և ազգագրական երգերի կատարումներով և գեղեցիկ արտասանությամբ:

Հավարտ տոնահանդեսի արժևորելով «Ալեքսանդր Մանթաշյան» կենտրոնի գործունեությունը Աջարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ միշտ էլ սիրով ներկա է գտնվում կենտրոնի միջոցառումներին և ամեն անգամ համոզվում , որ հայապահպանության, աճող սերնդի հայեցի դաստիարակության, հայկական ինտելեկտի զարգացման ուղղությամբ կենտրոնում կատարվում է հիրավի մեծ աշխատանք:

Իր ասելիքն ուներ նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Վերջինս գոհունակությամբ նշեց, որ հայոց ոսկեղենիկ լեզուն, մեսրոպատառ հայերենը օր-օրի ավելի մեծ տարածում է գտնում Բաթումում, ինչը այս կենտրոնի, այստեղ գործող հայերենի մեկօրյա դպրոցների, նախակրթարանի շնորհիվ է, կենտրոնն իր գործունեությամբ դառնում է մեր ազգայինը այս բազմազգ քաղաքում չկորցնելու գրավական:

Միջոցառումն ամփոփեց և ներկաներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը արժևորեց կենտրոնի գործունեությունը և հորդորեց շարունակել աշխատանքը նույն թափով, աստիճանաբար ավելի ընդարձակելով իր շրջանակները: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի անձնվիրական աշխատանքը, գոհունակության խոսքեր ուղղեց կենտրոնի բոլոր ուսուցիչներին, ովքեր ամեն ինչ անում են այս քաղաքի և տարածաշրջանի երեխաներին հայ մեծացնելու, հայոց Եկեղեցու պատվիրաններով դաստիարակելու և հայ համայնքի արժանավոր հայորդիներ աճեցնելու ձգտումով: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց նաև ծնողներին, ովքեր սիրով և նվիրումով կանգնած են Հայոց եկեղեցու կողքին, իրենց երեխաների մոտ ձևավորում են հայի ինքնությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին՝ հղեց իր հայրական օրհնությունը և նրանց փոխանցեց դասընթացներն ավարտելու վկայականներ:

Scroll Up