Լոնդոնի «Կոմիտաս» երգչախմբի և մշակութային ասոցիացիայի համերգ-ցուցահանդեսը

Հհունիսի 11-ին Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը և մշակութային ասոցիացիան (KCCA) մեկնարկեց իր բուն գործունեության առաքելությունը՝ ներկայացնելով հայկական հարուստ մշակույթը բրիտանացի հանդիսատեսին, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, համերգ-ցուցահանդեսը, որը կրում էր «Երկխոսություն երաժշտության և ներկապնակի միջև» խորագիրը, տեղի ունեցավ այդ օրը, և ամենևին էլ գերագնահատանք չի հնչի ասել, թե ձեռնարկը որքան շլացրեց և ցնցեց 200-ից ավելի հանդիսատեսին: Գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահի կողմից հատուկ ընտրված բազմաժանր ծրագիրը՝ մենակատար կատարումները, «Կոմիտաս» երգչախմբի ելույթները և գեղանկարչուհի Լեոնի Փիլարտի փառահեղ կտավները, համաձուլվածքն էին այդ օրվա մշակութային հագեցած ձեռնարկի:

Կոմիտաս երգչախումբը հիմնադրվել է 2013 թվականին Լոնդոնում ՝դիրիժոր Սիփան Օլահի կողմից՝ նպատակ ունենալով միավորել երգիչներին, որոնք կկատարեն և կնպաստեն հայկական և միջազգային ժողովրդական և դասական երգերի տարածմանը Միացյալ Թագավորությունում և այլուր:  Երգչախումբը այժմ վայելում է բացառիկ հեղինակություն Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև այլ երկրներում, որին նպաստել են երգչախմբի ունեցած բացառիկ համերգները և կատարումները՝ համագործակցությամբ Միացյալ Թագավորությունում մի շարք անվանի կազմակերպությունների և երգչախմբերի:  Այժմ երգչախումբը հանդես է գալիս «Կոմիտաս երգչախումբ և մշակութային ասոցիացիա» (KCCA) անբաժանելի անվամբ,  որը 6 հոգուց կազմված խորհրդի անդամներով վերակազմավորվել է 2017 թվականի սկզբին:

Ասոցիացիաի գործունեությունը չի սահմանափակվում միայն երգչախմբով, այն նաև նպատակ ունի կազմակերպել տարբեր համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և մշակութային այլ ձեռնարկներ:

Հունիս 11-ի հերթական ձեռնարկը տեղի ունեցավ Սբ. Քաթցբըրթ անգլիական եկեղեցում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնում: Եկեղեցու անգլո-գոթական պատմական ճարտարապետությունը և քանդակների, որմնանկարների բացառիկությունը գրավեց բոլորին:

Երեկոյի երաժշտական մասը սկսվեց մենակատար ելույթներով: Հնչեցին կոմիտասյան երգեր, ինչպես օրինակ՝ հայտնի «Քելե-քելե» երգը, որը կատարեց լիտվացի մենակատար, սոպրանո Ինեսա Դոմրաչևայտեն: «Երկինքն ամպել ա» և «Շողեր ջան» երգերը կատարեց KCCA-ի ղեկավար և անվանի տենոր Սիփան Օլահը: Ավստրալիայից Ալինա Թադևոսյանը՝ սոպրանո, վարպետորեն կատարեց «Կուժն առա» երգը, Հովհաննես Առաքելյանի հզոր ձայնը Վ. Կոտոյանի «Ինչպես երազ» երգով գրավեց ունկնդրին: Երկու ռոմանսային զուգերգեր՝ Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ» և Կոմիտասի «Հաբրբան», հնչեցին սոպրանո Հայարփի Եղիկայանի և տենոր Սիփան Օլահի կատարումներով: Հայարփի Եղիկյանը վարպետորեն կատարեց  նաև «Ախ, մարալ ջան» և «Էրվում եմ» երգերը: Լեոն Ասլանովը կատարեց Առնո Բաբաջանյանի դաշնամուրային «էքսպրոմտ»-ը, այնուհետև նրան միացավ Սիփան Օլահը և միասին դաշնամուրային զուգանվագով կատարեցին Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսից» հայտնի «Վալսը»:

Մենակատարներն այնուհետ երգչախմբում զբաղեցրեցին իրենց տեղերը, և բեմը տրամադրվեց «Կոմիտաս» երգչախմբին և, իհարկե, Սիփան Օլահին, որպեսզի նա զբաղեցնի դիրիժորական պատվավոր դիրքը: Երեկոյի նվագակցող դաշնակահարուհին չինացի Եմաս Աուն էր՝ «Գիլդ Հոլ» երաժշտության-դրամայի վարժարանից: Երգչախմբի կատարմամբ հնչեցին «Անձրևն եկավ», «Արփա-Սևան», «Կիլիկիա», ինչպես նաև անգլերեն և ուլշերեն երգեր: Երգչախումբը հանդես եկավ նաև իր երգացանկի նոր՝ ջազային երգերի կատարումներով, որոնք առաջին անգամ հնչեցին Մեծ Բրիտանիայում: Այդ երգերն էին՝ Կոնստանտին Օրբելյանի «Հավատում եմ ես, և չեմ հավատում» և «Ճանապարհի երգ»՝ Ս. Օլահի կողմից մենակատարի, երգչախմբի ու դաշնամուրի համար փողադրված տարբերակներով: Համերգային ելույթը եզրափակվեց Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգերի» պոպուրիով:

Այնուհետև բոլորի ուշադրությունը սևեռվեց բազմատաղանդ գեղանկարչուհի Լեոնի Փիլարտի 26 նկարների ցուցահանդեսի վրա: Նկարչուհին հանդես եկավ սրտաբուխ ելույթով՝ ներկայացնելով իր սերը և նվիրումը Հայաստանին, որը  մեկնաբանեց և մեկնեց իր նկարների գույների գունագեղությամբ: Միաժամանակ իր երախտագիտությունը հայտնեց «Կոմիտաս երգչախումբ և մշակութային ասոցիացիային», ինչպես նաև դիրիժոր Սիփան Օլահին փոխանցեց Կոմիտասի պատկերով իր իսկ պատրաստած հուշամեդալը: Ելույթով հանդես եկավ Սբ. Քաթցբըրթ անգլիական եկեղեցու հովիվ Տեր Փոլ Բեգոթը, որը իր հիացմունքը արտահայտեց՝ խոստանալով հետագայում էլ իր անաչառ աջակցությունը ցուցաբերել երգչախմբին և KCCA-ին:

Համերգին ներկա էին Հայ առաքելական և անգլիական եկեղեցիների ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորությունում մի շարք մշակութային և համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, երաժիշտներ և արվեստասերներ:

Բարձր ծափողջույններից հետո հանդիսատեսը սկսեց ըմբոշխնել նկարների ցուցահանդեսը և ճաշակել KCCA-ի տիկնանց կողմից պատրաստված քաղցրավենիքներն ու ընդունելությունը:

 

Scroll Up