Արման Միքայելյանը շարունակում է զարմացնել շախմատի Եվրոպայի առաջնությունում

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում միջազգային վարպետ Արման Միքայելյանը մատուցել է հերթական անակնկալը: Հայ շախմատիստը (անհատական վարկանիշ` 2444) սպիտակներով հաղթել է  իսպանացի գրոսմեյստեր Դավիթ Անտոնին (2660):

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այժմ Միքայելյանը ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյի և Մաքսիմ Մատլակովի հետ (4-րդը` լրացուցիչ ցուցանիշներով) 7 միավորով բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները:

Հունիսի 9-ին մեր շախմատիստը կխաղա մրցաշարում ամենաբարձ վարկանիշն ունեցող Դավիթ Նավարայի հետ (Չեխիա, 2739): Համեմատության համար` Արման Միքայելյանի վարկանիշն այս առաջնությունում ընդամենը 216-րդն է:

Գրոսմեյստեր Արման Փաշիկյանը 6.5 միավոր ունի (23-րդ տեղ): Հայաստանի ևս չորս ներկայացուցիչ վաստակել են 6-ական միավոր:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Scroll Up