Կայացել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր՝ հունիսի 8-ին, տեղի է ունեցել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»(Գագիկ Սարգսյանի թարգմանությամբ) ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը։

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ գաղափարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը։

Խոսնակները իրենց ելույթներում նշեցին, որ գիրքը համալրվել է գունավոր պատմական քարտեզներով, ինչպես նաեւ 15-րդ դարի իտալացի նկարիչների նկարներով։ Գրքում կատարվել են նաեւ մի շարք հղումների թարմացումներ՝ համապատասխանեցնելով դրանք ժամանակակից գիտական պահանջներին։ Նախաձեռնության ներկայացուցիչների խոսքերով գրքի հրատարակումը նպատակ ունի ընթերցողների լայն շրջանակին առավել պատկերավոր ներկայացնել Հայոց պատմության վերաբերյալ ուշագրավ նյութերը:

Գրքի հրատարակման գաղափարի հեղինակն է Պյատիգորսկի հայկական համայնքի գործիչ՝ լուսահոգի Հրանտ Սարկիսովը։Նա մեծ նշանակություն էր տալիս հայերի պատմության մասին պատմող ռուսալեզու գրքերի հրատարակմանը, որոնց միջոցով Հայոց պատմությունը տարածվում է, ինչպես հայկական համայնքում, այնպես էլռուսախոս այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում։

Խոսնակները նշեցին, որ գրքի լրամշակված տարբերակի հրատարակման աշխատանքներին մասնակցել են Ալլա Տեր-Սարկիսյանցը (պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ), Վալերիա Եսայանը (փիլիսոփայական գիտությունների թեկնածու), Վարսենիկ Հայրապետովան (մանկավարժական գիտությունների թեկնածու), Վիկտոր Հակոբյանը (պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր), Գոհար Առուստամովան (Պյատիգորսկի հայկական դպրոց հայոց լեզվի ուսուցչուհի) եւ Կարեն Ղազարյանը (պատմաբան):

Scroll Up