Արցախի դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի հետ արդեն քննարկել և համաձայնության ենք եկել «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և նշել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից Արցախի մի շարք դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան:

«Ամառվա ընթացքում համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք, որպեսզի ուսուցիչները դասի ժամանակ կարողանան աշակերտներին լիարժեք մատուցել առարկան»,- ասել է Ն. Աղաբլյանը և ընդգծել, որ ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ազգային արժեքներով դաստիարակելն ու արմատներին մոտ պահելը:

«Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը նշել է, որ նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի դպրոցների 5-7-րդ դասարանների աշակերտներին:

«Այժմ քննարկման փուլում է այն հարցը, թե որ դպրոցներում կուսուցանվի այն. հնարավոր է՝ և՛ Ստեփանակերտի, և՛ շրջանների մի շարք դպրոցներում: Ինչպես մնացած առարկաները, այնպես էլ այս առարկան ֆինասավորվելու է պետական միջոցներով»,-ասել է Ս. Ասրյանը:

Scroll Up