«Ղազախստանի մեր հայրենակիցներն ապրում են Հայաստանի ամեն մի օրով».Անահիտ Զոհրաբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/17.jpg)
Հայկական սփյուռքի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցները կարոտի ու հայրենասիրական զգացումների հենքի վրա ամենուր մի փոքրիկ Հայաստան են ստեղծում, եկեղեցի ու դպրոց կառուցում, երգի ու պարի համույթներ հիմնադրում, թերթեր ու գրքեր հրատարակում, խաչքարեր տեղադրում: Այդպիսի համայնքներից մեկն էլ Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզում է գործում, որտեղ մայիսի 15-ից 18-ը անց են կացվել մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության միջինասիական երկրների վարչության պետ Անահիտ Զոհրաբյանը, ում հետ էլ ծավալվեց իմ զրույցը՝ «Հայերն այսօր»-ի համար:
-Տիկի՛ն Անահիտ, պատմեք, խնդրում եմ, Ակմոլինսկի մարզ կատարած Ձեր այցելության մասին. ո՞րն էր այցելության նպատակը, ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել:
-ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով 2017թ. մայիսի 15-ից 18-ը գործուղվել եմ Ղազախստանի Ակմոլինսկի մարզ՝ մասնակցելու «Ալժիր» ճամբարում 1937-ին բռնադատված հայ կանանց հիշատակին նվիրված Խաչքարի բացման հանդիսությանը (խաչքարը պատրաստվել է ՌԴ- ում, հայ գործարար Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ), ինչպես նաև՝ հանդիպելու Աստանայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ներկայացնելու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, քննարկելու համագործակցության և փոխադարձ հետաքրքրությանն առնչվող մի շարք հարցեր: Միջոցառումներին մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Նոեվ կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Աստանայի «Վան», Կոշկետաուի «Բարի», Ալմաթիի «Մասիս» և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, Ղազախստանի «Հակատեռորիստական հանձնաժողով» հանրապետական հանրային ասոցիացիայի նախագահ Ամանդժոլ Ուռազբաևը, զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստր Լարիսա Բաբաջանյանը, Քաղաքական բռնաճնշումների և ամբողջատիրության զոհերի «Ալժիր» թանգարան-հուշահամալիրի տնօրեն Մեյրամբայ Օրալովը, Տաշքենդի Սուրբ Փիլիպոս եկեղեցու վանահայր Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը, «Անգոր ստրոյ» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պետ Հարություն Պողոսյանը, Էստոնիայից մի խումբ և այլք: Ակմոլինսկի մարզում երկրի մայրաքաղաք Աստանան է, իսկ հայերը հիմնականում սիրում են հավաքվել արդյունաբերական խոշոր կենտրոններում, և այդ առումով հայերն այդ մարզում մեծ թիվ են կազմում, իսկ այնտեղ, որտեղ շատ են հայերը, հայկական համայնք կա, ՀՀ սփյուռքի նախարարության կապերն, անշուշտ, ավելի սերտ են և անելիքներ շատ կան: Աստանայում գործում է վաղուց ստեղծված և վերջին տարիներին զարթոնք ապրող «Վան» հայկական մշակութային կենտրոնը՝ Սահակ Սալումյանի ղեկավարությամբ: Նա Ղազախստանի քաղաքացի է և երկրի իշխանությունների կողմից բազմաթիվ մրցանակների է արժանացել: Հայաստան-Սփյուռք համագործակցության և Սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքների կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի համար Սալումյանը պատվոգրի է արժանացել նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից, որը ես պատիվ ունեի հանձնելու մեր հայրենակցին:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Դուք ասացիք, որ բազմաթիվ միջոցառումների մասնակից եք եղել. պատմեք, խնդրում եմ նաև այդ միջոցառումների մասին:
-Սկզբում ինձ թվում էր, թե միայն խաչքարի բացման արարողությունը պետք է լիներ, սակայն Հայաստանից մեկնած մեր պատվիրակությունը հայտնվեց բազմաթիվ միջոցառումների կենտրոնում: Մեր պատվիրակության կազմում էր նաև բարեգործ Հրաչյա Պողոսյանի եղբայրը՝ Հարություն Պողոսյանը, ով այդ միջոցառումների կազմակերպիչներից էր: Մեր գնալուց մեկ օր առաջ այնտեղ էր ժամանել Էստոնիայի պատվիրակությունը. հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել: Ամիսներ առաջ Էստոնիայի որոնողները պեղել էին Հայրենական պատերազմում մի զոհված զինվորի աճյուն, գտել էին մեդալը և այդ մեդալի համարով ճշտել նրա ինքնությունը: Պարզվել էր, որ իր երկրում՝ Ղազախստանում, նա համարվել է անհայտ կորած, ում որոնել էին հարազատները, իսկ Սանկտ Պետերբուրգից «ՌոսՎոենՍտրոյ» ԲԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն, զինվորական շինարար, պահեստազորի մայոր, հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանն էլ պարզել էր, որ նա մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը: Մեր հայրենակիցը կապ էր հաստատել Ղազախստանի, Էստոնիայի հետ, որպեսզի նրա աճյունը տեղափոխեն. էստոնացիներն սկզբում խոստացել էին, հետո ծախսերից հրաժարվել են: Հերոսի 80-նն անց դուստրերը, ովքեր չէին կորցրել իրենց հորը գտնելու հույսը, աճյունը տեղափոխելու միջոցներ չունեին և, ի վերջո, ղազախական իշխանությունների հետ Ռուսաստանից մինչև Ղազախստան այն տեղափոխելու, գերեզմանի բարեկարգման և մահարձանի ծախսերը հոգացել էր մեր հայրենակից Հրաչյա Պողոսյանը: Իմ մեկնելուց մեկ օր առաջ մեր պատվիրակությանն ընդունել են մեծ շուքով, նվագախմբով, կազմակերպել են այդ զինվորի մասունքների հուղարկավորությունը, հուշարձան կանգնեցրել: Ի պատասխան այդ քայլի ՝ ղազախական իշխանություններն ասել են. «Քանի դեռ աշխարհում կա անհայտ կորած զինվոր, պատերազմը չի ավարտվել», և Ղազախստանի «Հակատեռորիստական հանձնաժողով» հանրապետական հանրային ասոցիացիայի նախագահ Ամանդժոլ Ուռազբաևը Հրաչյա Պողոսյանին առաջարկում է հուշարձան կանգնեցնել «Ալժիր» ճամբարի տարածքում՝ ի հիշատակ այնտեղ գերեզմանոցում թաղված բռնադատված անանուն 82 հայ կանանց: Մեր պատվիրակությունը մայիսի 17-ին մեկնեց Քաղաքական բռնաճնշումների և ամբողջատիրության զոհերի «Ալժիր» թանգարան-հուշահամալիր («Ալժիր» նշանակում է՝ Акмолинский лагерь жен изменников Родины): Ստալինյան բռնաճնշումների տարիներին այդտեղ եղել են հայրենիքի դավաճան հորջորջված մարդկանց շուրջ 30.000 կանայք, այդ հայուհիներից 82-ն իրենց մահկանացուն են կնքել ճամբարում: Մինչև հուշահամալիր մտնելը, մի հսկայական պատի վրա, այբբենական կարգով գրված են նրանց բոլորի անունները: Այդ նույն տարածքում դրված են նաև հիշատակի քարեր, այսպես ասած՝ հուշատախտակներ: Նման մի քար էլ, երկու տարի առաջ, մեր դեսպանությունն է տեղադրել: Աքսորավայրը նույնությամբ պահպանվել է, սակայն հսկայական մի կառույց են սարքել. սկզբունքը մեր Ցեղասպանության թանգարանն է հիշեցնում: Այն փոսի տեղում, որի մեջ իրար վրա լցրել ու թաղել են այդ կանանց, տեղադրվել է առաջին խաչքարը, Ղազախստանի իշխանությունները առաջարկել են այդտեղ ստեղծել հիշատակի այգի:
Նույն օրը թանգարանում մասնակիցները դիտեցին աքսորավայրի մասին պատմող «Գուլագ-3» վավերագրական ֆիլմը. այնուհետև բուն աքսորավայրի տարածքում տեղի ունեցավ քանդակագործ Ռ.Նալբանդյանի պատրաստած Խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը, որին մասնակցում էին մեր երեք պատվիրակությունները, ՌԴ-ից, Ուզբեկստանից, Էստոնիայից ժամանած պատվիրակություններն ու Ղազախստանի Ակմոլինսկի մարզի իշխանության ներկայացուցիչներ: Խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ պաշտպանության, ՌԴ-ի, Էստոնիայի, հայկական պատվիրակությունների անուններից, խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին նաև Աստանայի, Կոկշետաուի, Ալմաթիի, Սեմեյի հայկական համայնքների ներկայացուցիչները: Մայիսի 18-ին «Փարկին» հյուրանոցի ռեստորանային համալիրում կազմակերպված հրաժեշտի երեկոյի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները, հանձնվեցին պարգևներ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Մեր հայրենակից, բարեգործ Հրաչյա Պողոսյանը պարգևատրվեց ոսկե մեդալով, նրա եղբայր Հարություն Պողոսյանը՝«Երախտագիտության» մեդալով, իսկ «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Սահակ Սալումյանը՝ պատվոգրով: Հրաչյա Պողոսյանը պարգևատրվեց նաև Ղազախստանի իշխող կուսակցության և Զինվոր–ինտերնացիոնալիստների միության «Ոսկե սիրտ» մեդալով, Աստանայի քաղաքային իշխանությունների պատվոգրով, շնորհակալագրով ու կրծքանշաններով: Հայաստանի և ՌԴ պատվիրակությունների անունից Հրաչյա Պողոսյանը նվեր հանձնեց՝ փոխանցելու Ղազախստանի նախագահ Նազարբաևին:
-Չափազանց հագեցած են եղել Ձեր գործուղման օրերը՝ լի միջոցառումներով, հանդիպումներով. ժամանակ ունեցե՞լ եք հանդիպելու և զրուցելու տեղի հայերի հետ, տեղեկանալու, թե ինչ խնդիրներ ունեն:
-Օրերն, իսկապես, շատ հագեցած էին, հետաքրքիր, անչափ բովանդակալից: Խաչքարի բացումից մեկ օր առաջ մենք այցելեցինք մեր «Մայր Հայաստան»-ի նմանությամբ՝ իրենց «Մայր հայրենիք» հուշարձան, որտեղ մեզ սպասում էին տեղի քաղաքացիներ. նրանց հավաստմամբ դա շատ կարևոր օր է իրենց համար: Այնուհետև մեզ տարան «Վետերանների տուն», որտեղ նրանք հանգստանում են, զրուցում, շախմատ խաղում. այնտեղ 4 հայ կար, ուզում եմ պատմել նրանցից մեկի՝ Լևոն Սարգսյանի մասին, ով 4 ժամ շարունակ, մուտքի մոտ կանգնած, սպասել է մեզ. երբ նրան ասել են, որ մուտքի մոտից հեռանա, գնա մյուս վետերանների մոտ, նա զայրացել է և ասել՝ չեմ կարող գնալ, չե՞ք հասկանում, իմ հարազատնե՛րը, իմ հայրենակիցներն են են այսօր գալիս…Հյուրանոցի իմ սենյակն ասես հանդիպումների աշխատասենյակ էր դարձել, և ես պետք է հասցնեի զրուցել շատերի հետ. կարևորն այն է, որ նրանց մեջ կային նաև մեր ծրագրերին մասնակցած մարդիկ, կային նաև այնպիսի հայեր, որոնց առաջին անգամ էի տեսնում, նրանք ուրախությամբ նշում էին, որ շատ հետաքրքիր հանդիպումներ, միջոցառումներ են կազմակերպվել և իրենց գոհունակությունն էին հայտնում: Ուրախությամբ պետք է ասեմ, որ ես այնտեղ հնարավորություն ունեցա շարունակելու իմ աշխատանքը. ինձ հետ այնտեղից բերել եմ «Արի տուն» ծրագրի մասնակիցների հայտեր, «Սփյուռք» ամառային դպրոցի հայտեր: Մեզ հետ տարել էինք 63 կգ գրքեր, հայ դասական գրողների դիմանկարների փաթեթ: Տեղի հայերը շատ ուրախ էին, որ բացվել է Երևան-Աստանա ուղիղ չվերթը, որի առաջին թռիչքին մասնակցում է համայնքի նախագահը: Շատ ակտիվացել է դպրոցը. տեղափոխվել էին նոր մասնաշենք, որը տրամադրել էին ղազախական իշխանությունները. այն կոչվում է «Լեզվի կենտրոն»: Բարեբախտաբար, համայնքի անդամները, երեխաները լեզուն կորցնելու խնդիրներ չունեն, տիրապետում են մայրենիին, չեն մոռանում հայերենը, խոսում են մայրենի լեզվով, հրաշալի գիտեն ռուսերեն և սովորում են նաև ղազախերեն, բայց ոչ՝ ի վնաս հայոց լեզվի: Նրանք ունեն և՛գրքեր, և՛ երաժշտություն, ծանոթ են մեր «Հայերն այսօր»-ին, հեռուստատեսային հաղորդումներին: Աստանայի երեխաները պատվոգրեր էին ստացել ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ քաղցր լեզու» թեմայով շարադրությունների մրցույթի շրջանակներում, «Նամակ զինվորին» շարժման մասնակիցների համար նույնպես պատվոգրեր կային, որոնք տարել էի ինձ հետ: Նրանք միայն հոգևոր սնունդի կարիք ունեն, այն է՝ Հայաստանից հյուրընկալել լավագույն երգիչ-երաժիշտներին, արվեստագետներին և մեծ ցանկություն ունեն՝ լինել Հայաստանում:
-Տիկի՛ն Անահիտ, Դուք Հայաստանից, մասնավորապես՝ նախարարությունից , տարել էիք ջերմություն, գրքեր, պատվոգրեր…իսկ ի՞նչ հոգևոր սնունդ բերեցիք այնտեղից, ինչպիսի՞ տպավորություններ…
-Ինձ հետ բերել եմ ուրախության ու ոգևորության այն զգացումը, որ Ղազախստանի մեր հայրենակիցներն ապրում են Հայաստանի ամեն մի օրով, նախարարության ծրագրերին մասնակցելու պատրաստակամությամբ:
-Շնորհակալությու՛ն, տիկին Անահիտ, թույլ տվեք լրացում կատարել՝ ասելով, որ Դուք այնտեղից բերել եք նաև ոգևորություն, աշխատանքային առավել գործուն ու մի նոր սկիզբ, որը կարողացաք փոխանցել բոլորին:
Կարինե Ավագյան
–