Տորոնտոյում կայացել է Կանադահայոց թեմի 34-րդ տարեկան թեմական ներկայացուցչական ժողովը

Մայիսի 26-27-ին Տորոնտոյի Սբ. Երրորդություն հայ առաքելական եկեղեցում կայացել է Կանադահայոց թեմի 34-րդ տարեկան թեմական ներկայացուցչական ժողովը: Այն անցկացվել է  Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոսի նախագահությամբ և թեմական խորհրդի նախկին ատենապետ Ժակ Ստեփանյանի ատենապետությամբ, հայտնում է Կանադահայոց թեմի կայքը:

Ժողովին մասնակցել են ողջ Կանադայում՝ Վանկուվերից մինչև Մոնրեալ գործող հայկական եկեղեցիների ներկայացուցիչները:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Օնտարիո նահանգի վարչապետ Քեթլին Ուայնը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը իրենց հատուկ ուղերձն են հղել Թեմական ներկայացուցչական ժողովին՝ օրհնության և հաջողության բարեմաղթանքներով:

Ժողովը մեկնարկել է մայիսի 26-ին՝ թեմի հոգևորականների խորհրդակցությամբ: Հոգևոր հայրերը քննարկել են Կանադայի հայկական բոլոր ծխական համայնքների գրանցած առաջընթացը և վերջինիս առնչվող տարաբնույթ հարցեր:

Ժողովի ընթացքում ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել տարեկան զեկույցը, առաջարկվել են համապատասխան լուծումներ և հավանության արժանացել:

Այնուհետև տեղի է ունեցել Թեմի բարձրագույն գործադիր մարմնի՝ Թեմական խորհրդի անդամների ընտրություն: Տարեկան ժողովի ավարտին Տորոնտոյի Սբ. Երրորդություն եկեղեցում Ծխական խորհուրդն ընդունելություն է կազմակերպել՝ ի պատիվ ժողովի մասնակիցների:

Scroll Up