Հովհաննես Այվազովսկուն նվիրված բաց դաս՝ Մինսկի հայորդաց մեկօրյա կրթօջախում

Ապրիլի 30-ին, Մինսկի հայորդյաց մեկօրյա  կրթօջախում, ավագ խմբի սաների նախաձեռնությամբ կայացավ բաց դաս՝ նվիրված հայազգի աշխարհաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Միջոցառումը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին  տեղեկացնում է  Մինսկի Հայորդաց կրթօջախի  ուսուցչուհի Կարինե Հակոբյանը:

 Դասն սկսվեց Այվազովսկուն նվիրված Հովհ. Թումանյանի «Այվազովսկու նկարի առջև» բանաստեղծությամբ ՝ համադրված նկարչի ծովային նկարներով ու երաժշտությամբ: Այնուհետև աշակերտները հաջորդաբար ներկայացրին նկարչի կյանքն ու ստեղծագործական  ուղին ՝ սկսած  մանկությունից: Սաների խոսքն ամբողջ ընթացքում  զուգորդվում էր էկրանին ցուցադրված համապատասխան պատկեր-տեսարաններով: Առանձնահատուկ անդրադարձան և  մեկնաբանեցին նկարչի առավել ուշագրավ աշխատանքները՝«Իններորդ ալիք», «Երկու թուրքական նավերի հարձակումը», «Մերկուրի», «Գիշերը Ռոդեսա կղզում» և այլն: Խոսեցին Այվազովսկու տաղանդի ուժի, անսանձ երևակայության, տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտման, տեսողական վիթխարի հիշողությա, Թեոդոսիայի պատկերասրահին կտակած նրա ժառանգության և պարգևների մասին:Կրթօջախի բաց դասին հյուընկալվել էր հայ գեղանկարիչ, քանդակագործ Սպարտակ Հարությունյանը: Նա  գոհունակությամբ ողջունեց սաների կատարած ինքնուրույն աշխատանքը,  խոսեց  Այվազովսկու ինքնօրինակ ու հավիտենական արվեստի, նրա գեղանկարչական լեզվի  առանձնահատկությունների մասին:

…Այվազովսկու՝ արվեստի շնչով ու բույրով լցված լսարանում, նկարելն անխուսափելի էր… ուսուցիչներն ամեն ինչ նախապատրաստել էին՝ նկարչական թղթեր, ջրաներկեր, գունավոր մատիտներ: Նկարչի հետ միասին նկարելու և նկարիչ դառնալու գաղտնիքը բացահայտելու բացառիկ հնարավորությունն ավելի էր ոգևորել աշակերտներին, քանզի նրանցից շատերը նկարիչ դառնալու մեծ երազանք ունեն: Ներկաները դիտեցին, թե ինչպես է  արարվում կտավը: Նկարիչ Սպարտակ Հարությունյանը դասի ընթացքում արտանկարեց Այվազովսկու «Ղիմի ափին» նկարը և  նկարելուն զուգահեռ՝ վարպետության դասեր տվեց երեխաներին, նաև սիրով պատասխանեց աշակերտներին հուզող բոլոր հացերին: Հանդիպման վերջում  նկարիչը սիրով կրթօջախին նվիրեց  իր վրձնած «Ղրիմի ափին» կտավը:

5

 

Scroll Up