Մայիսի 22-ին Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրով «ՄԱՉԱՆԵՆՑ» Միջազգային Արվեստի Սիմպոզիում 2017-ի ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ից:
Մասնակիցների աշխատանքների ցուցադրությունը սկսվեց կազմակերպության հարավային դարպասի մոտ, որտեղ տեղի ունեցավ Գրիգոր Մաչանենցի և երկաթագործ Սմբատ Առաքելյանի «Մաչան տղան» արձանի, Սահակ Պողոսյանի «Նայիր ուղիղ աչքիս մեջ» ինստալացիայի, նախաքրիստոնեական և քրիստոնեական մշակույթների փոխհարաբերությունը խորհրդանշող վիշապաքարի և խաչքարերի բացումը:
Միջոցառումը օրհնեց Արժանապատիվ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը: Բացման խոսքով հանդես եկան Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի նախագահ Գրիգոր Բաբախանյանը և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, այնուհետև պարոն Բաբախանյանը և պարոն Գրիգորյանը հանձնեցին սիմպոզիումի մասնակիցների մասնակցության վկայականներ, իսկ գործընկերներին՝ շնորհակալագրեր: Բացմանը ներկա էին ներկայացուցիչներ Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատներից, Սփյուռքի նախարարությունից, միջազգային կազմակերպություններից, սփյուռքից, մշակույթի գործիչներ, արվեստագետներ և այլ հյուրեր: Ցուցահանդեսին ներկայացված էին աշխարհի 14 երկրից 67 արվեստագետի աշխատանքներ այդ թվում հազարամյա հայկական խեցեղենի նմուշների կրկնօրինակներ, Նոյ նահապետի փորագրված քանդակ, և սեպագիր արձանագրություն: Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Վահան Արծրունին և նրա TRIO NUOVO խումբը, Ֆորշը, Արցախից ժամանած երաժիշտներ: