Տեղի է ունեցել «Հայաստանի քարտեզագրումը՝որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն` հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» թեմայով համաժողովը
Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն` հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» համաժողովը:
«Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ՀԵԲԱ) կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ: Հիմնական նպատակն է քննարկել և նախանշել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ոլորտում», – www.panarmenian.net-ի փոխանցմամբ նշել է ՀԵԲԱ-ի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:
Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը ընդգծել է՝ այս հանդիպումը կլինի արդյունավետ այն առումով, որ կարող է գրավել տարատեսակ ներդրումներ այդ ոլորտում:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Դեբորահ Գրիզերն էլ ասել է, որ երկրորդ անգամն է Հայաստանում և կարծում է, որ այս երկիրն բոլոր առումներով՝ հարուստ մշակութային ժառանգությամբ, բնաշխարհով և խոհանոցով բոլոր հնարավորություններն ունի քարտեզագրվելու որպես տուրիստական երկիր: Ապա հավելել, որ ողջունում և խրախուսում է Հայաստանում պետական և մասնավոր սեկտորների նման կառուցողական երկխոսությունը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել է այդ ոլորտում կատարված աշխատանքը, ռազմավարությունը, թիրախային շուկաները և առաջիկա քայլերը:
«Մենք ունենք կառավարության ծրագիր, որի նպատակն է մի քանի տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների քանակը: Ուստի մեր ռազմավարությունը բխում է հենց այդ ծրագրից, այն է՝ ընտրել մեզ համար մոտ, վիզայի առումով հասանելի թիրախային շուկաներ», – լրագրողների հետ զրույցում նշել է նա, գրում է Aysor.am-ը:
Միջոցառմանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ թվարկել է երեք ուղղություն, որոնք պետք է զարգացնել՝ Հայաստանը զբոսաշրջային կենտրոն վերածելու համար: Նրա խոսքով՝ պետք է ընդարձակել օդային փոխադրումների հնարավորությունները, զարգացնել են ենթակառուցվածքները և ծառայությունները:
«Հայաստանի դռները միշտ բաց են զբոսաշրջիկների և ներդրողների առջև, և այդ դռները մենք պատրաստ ենք էլ ավելի լայն բացել», – եզրափակել է նա: