Վեցերորդ վիրավոր զինվորը վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

 Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Սամվել Մեջլումյանը այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերան քաղաքում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Թուֆենկյան հիմնադրամի, Ասկերանի վարչակազմի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից, 2003 թվականից ի վեր Թուֆենկյան հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախին աջակցելու նպատակով: 2016թ. ապրիլին, ի պատասխան Քառօրյա պատերազմին, հիմնադրամը ֆոնդահայթայթման հրատապ արշավ նախաձեռնեց պատերազմից տուժած անձանց օգնելու համար: Այս հրատապ դիմումի արդյունքում ստացված դրամական միջոցների և անհատ դոնորների հավելյալ աջակցության շնորհիվ Թուֆենկյան հիմնադրամը վերանորոգել կամ նոր տներ է գնել 5 վիրավոր զինվորների համար` երեքը Մարտակերտի, իսկ երկուսը Հադրութի շրջաններում:

Սամվել Մեջլումյանը Թուֆենկյան հիմնադրամի կողմից նոր կամ վերանորոգված տուն ստացած վեցերրորդ զինվորն է: Սակայն նա 1992թ. պատերազմի մասնակից առաջին զինվորն է, ում աջակցություն է տրամադրվել այս ծրագրի շրջանակներում. առաջին հինգ տները գնվել կամ վերանորոգվել են 2016թ. ապրիլյան պատերազմի զինվորների համար: «Մենք հանձնառու ենք Արցախի զինվորների համար արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու, անկախ նրանից, թե երբ և որ պատերազմի ընթացքում են նրանք վիրավորվել: Այս անձիք վտանգել են իրենց կյանքը մեր հայրենիքի պաշտպանության համար, և նրանց աջակցելը մեր պարտավորությունն է և պատիվը», – բնակարանամուտի արարողության ընթացքում ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Հիսուներկուամյա Սամվել Մեջլումյանը ազատամարտիկներից է, ովքեր 1990-ականների սկզբում պայքարել են Արցախի պաշտպանության և ազատագրման համար: Նա կռվել և վիրավորվել է իր հայրենի Ասկերանի շրջանում, որից հետո մի շարք վիրահատությունների է ենթարկվել, կորցրել իր երկու ոտքերը և այժմ տեղաշարժվում է անվասայլակով:

Մինչև վերանորոգումը տունը ծանր վիճակում էր և չէր համապատասխանում Սամվել Մեջլումյանի` հաշմանդամությունից բխող տեղաշարժման կարիքներին:

«Պատշաճ բնակարանային պայմանների ապահովումը ինձ պես զինվորներին աջակցելու լավագույն միջոցներից մեկն է: Անձամբ ինձ համար վերանորոգված տունը ոչ միայն առավել հարմար ապրելատեղի է, այլ նաև սեփական տանս մեջ ազատ տեղաշարժվելու և ավելի անկախ լինելու հնարավորություն», – ասաց Սամվել Մեջլումյանը:

Ի հավելումն ընդհանուր նորոգումների, հիմնադրամը հիմքից նոր խոհանոց է կառուցել: Անվասայլակով տեղաշարժվելու համար տան մատչելիությունը ապահովելու նպատակով լայնացվել են տան դռները և բռնաձողեր են տեղադրվել սանհանգույցում:

«Մենք միշտ պատրաստ ենք ողջունել և սատարել այն կազմակերպություններին, որոնք աջակցում են այս շրջանին: Այս բնակարանամուտին մասնակցելը մեզ համար պատիվ է, և մենք հուսով ենք, որ Արցախի բոլոր զինվորները շուտով կացության արժանապատիվ պայմաններ կունենան», – ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին

Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:

%d5%bf %d5%bf2 %d5%bf4 %d5%bf5

Scroll Up