Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է Ցեղասպանության մասին առաջիններից բարձրաձայնած թուրքական «Բելգե» հրատարակչության հանդեպ ճնշումների մասի

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում հեղինակավոր «Բելգե» հրատարակչության գրասենյակի վրա թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների կազմակերպած գրոհի և հրատարակչության 2000-ից ավելի գրքի առգրավման հարցը տեղափոխել է խորհրդարանի օրակարգ, Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Հայազգի պատգամավորը գրավոր հարցում է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին և խնդրել պատասխանել, թե նման ոստիկանական գործողությունը և նման գրքերի առգրավումն ինչ շոշափելի օգուտ են տալիս թուրքական հասարակությանը, և ինչ հիմքեր ունի հրատարակչության վրա կազմակերպված գրոհը:

Փայլանը նաև հետաքրքրվել է, թե որ իրավունքով են առգրավվել գրքերը՝ առանց դատարանի համապատասխան որոշման:

Ավելի վաղ Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը նշել էր, որ «Բելգե» հրատարակչությունը լույս է սփռել ու փաստարկել Թուրքիայի հանցավոր անցյալը, հայազգի պատգամավորը խորհուրդ էր տվել ոստիկանության հատուկջոկատայիններին կարդալ իրենց կողմից առգրավված գրքերից գոնե մի քանիսը:

«Բելգե»-ն «փաստաթղթավորել» է Թուրքիայի հանցավոր անցյալը: Այդ առգրավված գրքերից մի քանիսը գոնե կարդացեք…», – գրել էր Փայլանը:
«Բելգե» հրատարակչությունը, շուրջ 40 տարի չհրաժարվելով իր ընդդիմադիր հայացքներից, գործել է Թուրքիայում և զբաղվել բազմաթիվ օտարալեզու պատմագիտական գրքերի թուրքերեն թարգմանությամբ, ինչպես նաև թուրքերեն հեղինակային գրքերի, որոնք լույս են սփռել Թուրքիայի այլընտրանքային, պաշտոնական պատմագրությունից դուրս մնացած անցյալի վրա:

Հրատարակչությունը պարբերաբար ենթարկվել է հարձակումների և ժամանակ առ ժամանակ ստիպված եղել դադարեցնել աշխատանքը:

«Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական հարցին դեռևս 1990-ականների սկզբին: «Բելգե» հրատարակչությանն են պատկանում «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանություն» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:

Scroll Up