Կիրականացվեն Երևան-Լոնդոն չվերթներ
Armenia ավիաընկերությունը վրացական Georgian Airways ավիաընկերության հետ համատեղ մեկնարկում է Երևան–Լոնդոն–Երևան կանոնավոր չվերթը՝ Թբիլիսիում կանգառով։ Առաջին չվերթը նախատեսված է մայիսի 20-ին, հաղորդում է Armeniasputnik.am-ը:
«Թբիլիսին այսօր այլընտրանք է դարձել Մոսկվային, Փարիզին, Վիենային։ Մեր ավիաընկերություններն արել են դրա համար ամեն հնարավոր բան` սկսած հասանելի սակագներից մինչև հարմարավետ թռիչք»,- ասել է Armenia ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Նրա խոսքով` եթե Երևանից Լոնդոն Մոսկվայով թռիչքը կարող է տևել 22 ժամ, ապա Թբիլիսիով թռիչքի դեպքում այդ ժամանակահատվածը կրճատվում է երեք անգամ։ Դա այն բանի հաշվին է, որ Թբիլիսիում կանգառը կարճ է, իսկ առանձին դեպքերում ուղևորները դուրս չեն գալիս ինքնաթիռից։
Ինքնաթիռը Երևանից կթռչի Թբիլիսի, որտեղից կեսժամանոց կանգառից հետո կուղևորվի Լոնդոն՝ Gatwick օդանավակայան: