Երազել եմ Կարսում համերգ կազմակերպել. թուրքական կայքն անդրադարձել է Տիգրան Համասյանի նախնիների պատմությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/hamasyan.jpg)
Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է հայ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և նրա ընտանիքի պատմությունը, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան գաղթած հայության, նրանց խնդիրների ու պայքարի հետ:
auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Համասյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է ամբողջությամբ՝ օգտագործելով ցեղասպանություն բառն առանց չակերտների:
Տիգրան Համասյանի ընտանիքը Ցեղասպանության տարիներին Կարսից հասել է Գյումրի, որտեղ էլ ծնվել ու մեծացել են Տիգրանն ու նրա ծնողները:
«Տատիկս պատմում էր, որ նրա մայրը՝ Հռիփսիմեն, միշտ երգում էր «Կռունկ» երգը, և երբ միայնակ էր մնում՝ միշտ լաց էր լինում: Նա երբեք չի հանել իր սև գլխաշորը: Մյուս տատս՝ Անժելան, մահացավ՝ առանց իմանալու, որ իր կրտսեր քույրն ամբողջ կյանքում իրեն է փնտրել», – tert.am-ի փոխանցմամբ՝ պատմել է Տիգրանը:
Կարճ ժամանակ անց նրա աղջիկը, ում նա ստիպված է եղել հանձնել մանկատուն, մահացել է հենց այդտեղ:
Տիգրանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես կարսեցի էր: Ցեղասպանության ժամանակ նրա ամբողջ ընտանիքը կոտորվել է իր աչքի առաջ, ողջ մնալ հաջողվել է միայն նրան ու երկու քույրերին:
Քույրերը, որոնք մանկատանն էին հայտնվել, տարիներ անց փնտրել և գտել են Անժելային, սակայն խորհրդային ռեժիմի արգելքի պատճառով չեն կարողացել հանդիպել:
Համասյանը խոստովանել է, որ երազել է հենց Կարսի հայկական եկեղեցում համերգ կազմակերպել, սակայն դա անհնար է եղել, քանի որ եկեղեցին վաղուց վերածվել է մզկիթի: Նա նշել է, որ այնուամենայնիվ երջանիկ է, որ, ամեն դեպքում, կարողացել է համերգ տալ այժմյան Թուրքիայի տարածքում: