«Ավետիս» պարախմբի ելույթը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Մայիսի 7-ին Աթենքի «Ավետիս» մանկապատանեկան պարախումբը մասնակցել է Հունաստանի ռուսահայ համայնքի մշակութային միության կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ տարեդարձին: Պարախումբը ներկայացրել է «Օրորոցային» և «Քոչարի» պարերը: Նախաձեռնությանը մասնակցել են ազգային փոքրամասնություններ՝ հայեր, վրացիներ, բելոռուսներ, մոլդովացիներ և այլք:
«Մայիսը հայերի համար հաղթանակների ամիս է՝ Շուշիի ազատագրում, Սարդարապատի հերոսամարտ: Մեր մասնակցությունը նվիրեցինք այս պանծալի հաղթանակներին, որպեսզի օտարության մեջ ապրող հայ երիտասարդները չմոռանան իրենց պատմությունը և իմանան, որ այս հաղթանակները բազմաթիվ հայորդիների կյանքի գնով են ձեռք բերվել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց պարախմբի գեղարվեստական ղեկավար ու պարուսույց Շուշանիկ Սեմերջյանը:
Հավելենք, որ մայիսի 28-ին «Ավետիս»-ը մասնակցելու է միջոցառման, որը նվիրված է լինելու պատերազմներից մազապուրծ եղած և աշխարհի տարբեր անկյուններում հաստատված գաղթականներին, ովքեր փորձում են պահպանել ազգային դիմագիծը, մշակույթն ու ավանդույթները: