Երևանի հ. 147 հիմնական դպրոցն անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հ. 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները: Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-2011թթ. սովորել է այս դպրոցում:

«Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրյալներ»,– նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը:

Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է:

«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ ու, վստահ եմ, հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ավագանու բոլոր անդամներին, որ մեր առաջարկը միաձայն ընդունեցին: Մենք շարունակելու ենք մեր մշտական ուշադրության ու հոգածության ներքո պահել պատերազմում զոհված բոլոր այն հայորդիների ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լույս աշխարհ բերել: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ ու թեև նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հավերժ օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար», – նշել է Տարոն Մարգարյանը:

%d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b61 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b62 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b63 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b64 %d5%a1%d5%a2%d5%a1%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b65

Scroll Up