Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն այցելեցին UNIFIL-ի «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան

Ապրիլի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն այցելեցին Լիբանանի հարավային Շամա զինավանում տեղակայված UNIFIL-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան հատված»-ի կենտրոնակայան: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Դեսպան Մկրտչյանը և պրոֆեսոր Մելքոնյանը հանդիպեցին «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ուգո Չիլլոյի և հաջորդ հերթափոխի հրամանատարությունը ստանձնող գեներալ Ֆրանչեսկո Օլլայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեց խաղաղապահ առաքելության խնդիրներին, անվտանգության իրավիճակին, տարբեր երկրների զինծառայողների փոխգործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև պրոֆեսոր Մելքոնյանը «Հայ անկախ պետականություն», «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում» թեմաներով դասախոսություն կարդաց UNIFIL-ում ծառայող հայկական զորախմբի անդամների համար։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հակամարտության միջազգային-իրավական խնդիրներին, Ադրբեջանի՝ անցած տարվա ապրիլին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական նոր իրավիճակին։
Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին հայ զինծառայողների հարցերին և դիտեցին վավերագրական ֆիլմ։

Scroll Up