Հայ-արգենտինական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. դեսպան

Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:

Դեսպանի խոսքերով՝ Արգենտինան համարվում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը:

«Ունենք մեծ թվով արգենտինահայ գործարարներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանում՝ դրանով  նաև իրենց նպաստն են բերում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- նշեց Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը:

Ըստ նրա՝ առևտրատնտեսական հարաբերությունները բավականին  հետաքրքիր դինամիկ զարգացում  են ապրում, վերջին տարիներին նկատվում է զարգացման մեծ տենդենց: Նրա խոսքերով՝  Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, աշխատանքներ են տարվում նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ ավելացնելու  տուրիստական փոխայցելությունները:

«Արգենտինան բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական, քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները»,- նշեց Արգենտինայի դեսպանը:

Scroll Up