«Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է». Միսլատայի հայկական դպրոցի ուսուցչուհի

Հայ մեծանուն գրող Ստեփան Զորյանն ասել է. «Իր մայրենին վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարուբերվում է ամեն մի պատահական քամուց…»:

Մեր բանաստեղծների բնութագրած մայրենի լեզուն ճկուն է, հազարագանձ, արևահամ, քաղցրահամ… Նրանք դրանով գովերգում են հայրարմատ Հայրենիքը՝ հորդորելով անաղարտ պահել մայարմատ մայրենին:

Մայրենի լեզուն մեր ժողովրդի գոյությունն է, էությունը, մեր իմացությունը  հազարամյակների պատմություն ունեցող, երկրի կախարդկան  բանալին: Մայրենի լեզուն մեր հոգին է, մեր սիրտը, մեր ներաշխարհը, հայ ազգի գանձարանը, մեր հայեցի ճոխությունը, քաղցրությունը… Որքան մտնում ենք դարերի խորքը, այնքան հոգեպես հարստանում ենք:

405 թվականին, երբ ստեղծվեց Մեսրոպյան այբուբենը, գրվեց առաջին նախադասությունը հայերեն տառերով. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Այնուհետև բացվեցին դպրոցներ և ավելի ամրացավ մայրենիի ուսուցումը…

Մայրենիով հնչող հայաշունչ երգերի մեջ մայր հողի բույրը կա, զեփյուռի շունչը, առուների քչքչոցը, բարդիների խշշոցը, ուռիների հառաչանքը, մանուկների ուրախ կանչը… Նրանով արտահայտում են նվիրվածությունն առ Հայենիք, հայ ընտանիք և օջախ: Զինվորը մայրենի լեզվով արտահայտում է իր սերը հայրենիքի նկատմամբ, հայրենասիրական երգերի, խրոխտ քայլերգի միջոցով արտահայտում է իր ներքին ուժը, կորովը…

Հայոց լեզուն զուլալ է հայոց լեռներից հոսող սառնորակ ջրերի պես, մաքուր է լազուր  երկնքի նման: Այն ողջ հայության խոհերն ու երազանքներն է արտացոլում:

Մայրենիով երգվող օրորոցայինները հնչում են մեղմորեն, հանգիստ, հուշիկ… Երգահան Բարսեղ Կանաչյանի օրորոցային երգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, մի երգ, որի մոգական ազդեցությունը ճակատագրական եղավ կորած 3-ամյա մանչուկի համար: Կորուսյալ երեխային երկար տարիներ անարդյունք փնտրելուց հետո, ծնողները բոլորովին պատահաբար գտնում են նրան մի օտարազգի ընտանիքում, որտեղ տանիք ու խնամք էին տրամադրել նրան բարի մարդիկ: Իր հարազատ ընտանիք վերադարձած երեխան՝ երկար ժամանակ չի հարմարվում նոր միջավայրում, մինչև այն պահը, երբ ննջարանից հանկարծ մի գեղեցիկ երգ հնչեց:

Իր խաղերով զբաղված փոքրիկը լարեց ուշադրությունը: Երգը քիչ լսելուց հետո, հուշիկ քայլերով մոտեցավ ննջարանին ու տեսավ, որ մայրը արցունքն աչքերին կանգնել է մահճակալի մոտ և երգում է այն օրորոցայինը, որ տարիներ առաջ երգում էր աղջկա համար: Երգն աստիճանաբար աղոտ հուշեր է արթնացնում փոքրիկի մոտ, և նա մոտենում է, ուշադիր նայում մոր աչքերին ու փարվելով նրան՝ ասում.

   -Մայրիկ, ես հիշեցի, որ ինձ համար երգում էիր այս երգը:

Ահա այսպես, մոր լեզվով հնչած օրորոցայինն արթնացրեց երեխայի մոտ քնած հիշողությունը:

Խոսքս ավարտում եմ Ս. Կապուտիկյանի խոսքերով.

Բա՛ց շուրթերդ, խոսի՛ր, անգին,
Ժիր դայլայլի՛ր, ի՛մ սիրասուն,
Թող մանկանա քո շուրթերին
Մեր ալեհեր հայոց լեզուն:
Ու տե՛ս, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…

Սվետլանա Կարապետյան
Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի
Վալենսիա (Իսպանիա)

%d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a1 %d5%b4%d5%ab%d5%bd%d5%ac%d5%a1%d5%bf%d5%a12

Scroll Up