Մայրերի օրը Ամմանում

Մարտի 25 ին Ամմանի «Սալուս» ճաշարանում 100 մայրերի ներկայությամբ տոնվեց «Մայրերի օրը»՝ կազմակերպությամբ Ազգային մարզական միության տիկնանց հանձնախմբի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, բացման խոսքով հանդես եկավ Լաուրա Հովհաննիսյանը՝ Հայաստանից ժամանած ուսուցչուհի, որը աշխատում է հայկական դպրոցում: Նա իր խոսքում ընդգծեց հայ կնոջ և մոր դերակատարությունը պատմության ընթացքում, արհավիրքի տարիներին: Կարևորեց հայ մայրերի դերը մեր օրերում և նրանց ջանքերը, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում մեր սերունդը հայ մնա: Բանախոսը ավարտեց ելույթն իր ակրոստիքոս բանաստեղծությամբ.
Միակ էակն է այս աշխարհում,
Արարչից հետո նոր կյանք է ծնում:
Յուրովի է նա աշխարհը սիրում,
Րոպեներն անգամ թանկ է համարում,
Իր զավակի ու ընտանիքի գրկում:
Կնվիրվի նրանց առանց մնացորդի և նրա սերը աշխարհն է փրկում …
Արաբերեն լեզվով շնորհավորանքի խոսքեր հղեց տիկին Էլիզաբեթ Վարդանյանը: Այնուհետև գեղեցիկ ձայնով մեներգեց Վարդուհի Թորոյան-Ներսեսյանը՝ գովերգելով գարունը և մայրական սերը: «Սպիտակ» պարախմբի մենապարուհի Լիլիթ Մելքոնյանը կատարեց «Հենզելին», որին հաջորդեց պարախմբի ելույթը:
Միջոցառումն ընդմիջվեց հայկական նախաճաշով: Ապա բեմը տրամադրվեց Սյուզի Սանջյանին, որը մեծ խանդավառությամբ ասմունքեց Մարո Մարգարյանի «Խոսք մոր համար» բանաստեղծությունը.
Կանգնի´ր այդպես.
Կանգնի´ր այդպես,
Ամեն տեսակ մոռացութեան ,մերժումի դեմ,
Կանգնի´ր այդպես…
Այնուհետև հետաքրքիր հարցադրումներով Սյուզին վեր հանեց կնոջ և մոր՝ գարնան պես ծնունդ տվող կերպարը: Ելույթի վերջում կատարվեց Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված «Մայրիկիս» մեներգը, որը արժանացավ ներկաների ջերմ ընդունելությանը:
Ապա Լուիզա Աբազյանը անցկացրեց հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ՝ հայ նկարիչների կտավների վերաբերյալ: Վերջինս ներկաներին քաջալերեց նաև հոգեբանական հարցադրումներով՝ խանդավառելով սրահում հավաքվածներին: Վերջում Վիոլետ Լեփեջյանը հետաքրքիր հանելուկներով զվարճություն պարգևեց ներկաներին:
Միջոցառումը եզրափակվեց հայկական ուրախ շուրջպարով:
Վարձքը կատար՝ տիկնանց հանձնախմբի անդամներին՝ նվիրյալ աշխատանքի համար: