Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված միջոցառում Օդեսայի կիրակնօրյա մանկապարտեզում

Ծաղկաբույր գարնան, մայրության ու գեղեցկության տոն էր «Արևիկ» կիրակնօրյա մանկապարտեզում։ Այն սկսվեց նախակրթարանի տնօրեն Մարինե Աղաջանյանի՝ Օդեսայի հայուհիներին ուղղված ողջույնի խոսքերով ու սրտագին շնորհավորանքներով։ Այնուհետև ձայնը տրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանին։ Տերունական աղոթքից հետո, իր խոսքում նա հիշեցրեց Ավետման տոնի խորհուրդը, որով եզրափակվում է Մայրության ու գեղեցկության միամսյակը, և, որը Վեհափառ Հայրապետի կողմից հռչակված է Հայոց մայրերի օրհնության օր։ Քահանան ընդգծեց, որ այս գեղեցիկ տոնակատարությունների միջոցով ևս արտահայտում ենք մեր սերն ու խոնարհումը մայրերի հանդեպ և շնորհավորելով հայ մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց՝ նախապես շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։
Այնուհետև տոնական տրամադրությամբ բեմ բարձրացան արևիկցիները և սկսվեց գարնան ու ծաղկունքի մի գեղեցիկ հանդես, քանզի մայրությունն ինքնին գարուն է ու գեղեցկություն.

-Գարու՜ն է, գարու՜ն՝ ոչ միայն դրսում,
Այլև՝ մեր սրտում, այս մեծ դահլիճում…
-Գարունը այնքան ծաղի՜կ է վառել,
Գարունը այնպես պայծա՜ռ է կրկին...

Երեխաները վստահորեն իրենց դրսևորում և ելույթ էին ունենում գեղեցիկ հայերենով՝ գոհունակություն ու մեծ ուրախություն պատճառելով սիրելի ծնողներին, դաստիարակներին ու հանդիսատեսներին.

Ճռվողում էին անուշիկ երգեր,
Թոթովում զվարթ՝ հայերեն խոսքեր։

Արևիկցիների աչքերի մեջ արևն էր շողում, երբ «մայրիկ» էին ասում: Նրանց զնգուն ձայների մեջ սերն էր կարկաչում։

-Այսօր քո տոնն է, սիրելի՛ մայրիկ…
–Ես սիրում եմ քեզ, մա՛յր իմ անուշիկ…
-Իմ մայրիկը շա՜տ սիրուն է, ասես, լինի մի ծաղիկ…

Նրանք անչափ երջանիկ էին զգում, քանի որ ասմունքով, երգ ու տաղիկներով, պարով ու խաղիկներով իրենց անսահման սերը, երախտագիտությունն էին արտահայտում այնքա՜ն սիրելի էակի հանդեպ. յուրաքանչյուրի մայրիկը քնքուշ է ու գեղեցիկ, ազնիվ է ու թանկագին, մայրիկը՝ ծով համբերությու՜ն, ծով բարությու՜ն։ Մայրիկի հայացքը մեղմ է, խոսքերը՝ անուշ են, ցանկալի։
Կարծես նրանց հոգուց էր հորդում երգը.

-Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք,
Ու մի մայրի՛ կ թանկագին։

Մայրիկի համբույրը ջերմ է, կաթոգին.

-Ո՞վ է ձեզ արթուն,
Թե քնած պահին,
Սիրում, փայփայում…

Արևիկցիներից յուրաքանչյուրը՝ Արփին ու Մարիամը, Սոնան ու Վիկան, Սահակն ու Էմիլիան, Հասմիկն ու Անդրանիկը, Առնոն ու Արմինեն, Ժասմինան ու Միշան,Գեղեցիկը, Ինեսսան, Ռաֆայելը, Ագնեսան, Քրիստինեն, Եվա-ները, Պիման՝ ազգությամբ վիետնամցի, մայրիկի կյանքի արեգակներն են՝ շողշողացող ու լույսիկներ ճառագող։
Իր քաղցրիկ ձայնով գեղգեղում է «Կաքավիկը»՝ մեներգչուհի Սոնան, և խումբը, շրջան կազմած, պարի է բռնվում՝ այնպես ռիթմիկ, այնպես հայկական։ Երգում են, ձայնակցում։ Խումբը հիանալի է կատարում նաև «Հոյ, Նազան իմ յարը» երգը։ Հնչում է հայկական ժողովրդական պարեղանակ և նրա ախորժալուր հնչյունները կրկին պարի են հրավիրում մանուկներին։

Հանդեսի ավարտին մեկառմեկ բեմ են բարձրանում այս հրաշք մանուկները՝ յուրաքանչյուրը ցուցադրելով իր ձեռքով նկարած մայրիկի պատկերը և ասմունքելով Վարպետի «Հուշարձան մայրիկիս»  տողերը,

…Մայրս, մեր հացն է մայրս
-Մեր տան Աստվածն է մայրս…

Արևիկցիների այս գողտրիկ տոնակատարությունը ՝ համեմված հայկական բառուբանով, հայկական համուհոտով, գույն ու երանգով, հիացմունք պատճառեց ներկաներին․ նրանք արժանացան ջերմ ծափահարությունների։ Ամեն ինչ հայերեն էր ու այնքա՜ն հայկական։ Այդ էին վկայում նաև ազգային տարազները, որոնք ավելի էին ընդգծում փոքրիկների գեղեցկությունը և միջավայրի հայկականությունը։
Իրոք, դրվատանքի են արժանի կազմակերպիչները՝ մանկապարտեզի տնօրեն, հմուտ մանկավարժ և օրինակելի մայրիկ Մարինե Աղաջանյանը, հոգատար դաստիարակչուհի Կարինե Մինասյանն ու դայակ, փոքրիկներին հայկական համեղ ուտեստներ պատրաստող Նինա Ավանեսովան, մշակույթի տան «աստղեր»՝ հաղորդավարուհի և պարուսույց, Օդեսայի մարզի երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը և երգչուհի, երգուսույց, «Արաքս» վոկալ համույթի գեղարվեստական ղեկավար Սիրանուշ Մինասյանը։

Ուժ և կորով ձեզ, շնորհալի՛ հայուհիներ, սեր և երջանկություն, քնքշաբույր գարուննե՜ր ձեզ…

Արևիկցիների այս գեղեցիկ տոնահանդեսը ձոներգ էր ոչ միայն իրենց, այլև՝ համայն աշխարհի հայ մայրիկներին։

Նարինե Մուրադյան

ք․ Օդեսա «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a1%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a11%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a12%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a13%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a14 %d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a15%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a112%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a113%d6%85%d5%a4%d5%a5%d5%bd%d5%a18

Scroll Up