Արցախում կազմակերպվելու է «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադա

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլի 29-ին Արցախի դպրոցների միջև կազմակերպվելու է «Ազգային պար» մրցույթ-օլիմպիադա:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանն ասել է, որ   մրցույթ-օլիմպիադան  անց  է  կացվելու   «Փափուռի», «Սասնա քոչարի»,   «Յարխուշտա»  և   «Կարնո քոչարի»   անվանակարգերով:

«Արդեն երրորդ տարին անցկացվող մրցույթ-օլիմպիադայի նպատակներն   են  մատաղ սերնդի շրջանում ազգային պարերի  ուսուցման խրախուսում, տարածում ու պահպանում,  դրանց բնույթի և նշանակության վերաբերյալ գիտելիքների զարգացում: Ազգային գաղափարախոսության քարոզչության, մշակութային ինքնության պահպանման,  տեղական ինքնակառավարման մարմինների, մշակութակրթական հաստատությունների, կազմակերպությունների ներգրավումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին»,-մանրամասնել  է  Ե.  Դանիելյանը  և    տեղեկացրել,  որ մրցույթ-օլիմպիադային մասնակցելու  հայտ  է  ներկայացրել   288 հոգի:

Ե. Դանիելյանը  տեղեկացրել է   նաև, որ մրցույթի   մասնակիցների տարիքային սահմանափակում չկա. պարախմբերը պետք է կազմված լինեն նվազագույնը 8 մասնակցից:

Ոլորտի  պատասխանատուի  խոսքով՝  3  անվանակարգերում լավագույնը ճանաչված պարային  խմբերը  պարգևատրվելու  են համապատասխան վկայագրերով, գավաթներով և նվերներով:

Scroll Up