Փոխհամագործակցություն Վալենսիայի և Երևանի համալսարանների միջև

Վալենսիայում են գտնվում Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների պատվիրակությունները: Այցի նպատակը փոխհամագործակցության հաստատումն է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի և Հայաստանի վերոհիշյալ երկու համալսարանների միջև, որը հնարավոր դարձավ ապրիլի 4-ին:

Մի կողմից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և մյուս կողմից Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի միջև, ապրիլի 4-ին կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր:
Վալենսիայի Պոլիտեխնիկ համալսարանի հետ Հայաստանի Ճարտարապետության և Տնտեսագիտության համալսարանների միջև համագործակցությունն սկսվել է դեռևս 2010 թվականից, երբ մեկնարկեց TEMPUS GIDEC նախագիծը, որի շրջանակներում հայաստանյան բուհերում հիմք դրվեց GIS-երի գծով մագիստրոսական ծրագիր, ստեղծվեց GIS լաբորատորիա և ձեռք բերվեցին սարքավորումներ: Նախագիծը տևեց մինչև 2013 թվականը: Ծրագիրը համակարգում էր Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտը (KTH), իսկ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը ծրագրի եվրոպական գործընկերն էր:
Հենց 2013 թվականին էր, երբ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի համակարգող պարոն Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին (Luis Angel Ruiz Fernandez) շնորհվեց Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Ներկայումս Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ համագործակցությունը կայանում է 2 ERASMUS+ նախագծերի շրջանակներում.

HERITAG – Նախագծի նպատակն է ստեղծել մագիստրոսական ծրագիր տուրիզմի կառավարման ոլորտում, որի առանձնահատկությունը գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է լինելու: Նախագիծը համակարգում է Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը: Այն  մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերին և ավարտվելու է 2018 թվականի հոկեմբերին:

InnoCENS – նախագիծը համեմատաբար ավելի նոր է: Այն մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին: Այս նախագիծը համակարգում է Շվեդիայի տեխնոլոգիայի թագավորական համալսարանը: Նախագծի նպատակն է տեխնիկական բուհերում ստեղծել ստարտափ կամ նորարարական կենտրոններ և ինժեներ ուսանողներին տալ որոշակի գիտելիքներ ձեռներեցության ոլորտում: Այս նախագծում Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանը հանդես է գալիս որպես եվրոպական գործընկեր:

Հետագա համագործակցությամբ ակնկալվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի հետ ստեղծել համատեղ մագիստրոսական ծրագիր՝ նախագծի կառավարում մասնագիտությամբ, որը նաև հնարավորություն կընձեռի ուսանողների և դասախոսների փոխանակում:

Այսպիսով, ապրիլի 4-ին, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանում, վերջինիս և ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի միջև, կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր, որը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր պրոֆեսոր Կ.Աթոյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր պրոֆեսոր Գ.Գալստյանը և ՎՊՀ-ի ռեկտոր Ֆրանցիսկո Խոսե Մորա Մասը (Francisco José Mora Mas), չափազանց կարևոր համաձայնագիր, որը թույլ կտա գործընկեր համալսարաններին էլ ավելի խորացնել համագործակցությունը և ուսանողների շարժունակությունը:

Վալենսիայում գտնվող պատվիրակությունը նաև այցելեց հայկական համայնք, «Կենաց խաչ» հուշարձան և հարցազրույց տվեց «Հայկական ռադիոժամին»:

Արարատ Ղուկասյան
«Արարատ» հայկական միության նախագահ
«Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր
Վալենսիա (Իսպանիա)

1122777

Scroll Up