Բոստոնում և Փրովիդենսում կայացել են հայ երաժշտության համերգներ

ԱՄՆ Փրովիդենս քաղաքի «Եգավյան» հայկական մշակույթային կենտրոնում կայացել է հայ երաժշտության համերգ, որը նախաձեռնել էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ Փրովիդենսի մշակութային հանձնախմբի հետ համատեղ։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից, համերգային երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ա.Հարությունյանի, Մ.Վարդազարյանի, Ե.Երզնկյանի, Ա. Բաբաջանյանի,Վ. Կոտոյանի, Կ.Պետրոսյանի, Ա. Հեքիմյանի, Ա. Ավետիսյանի կամերային, վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարել են Ռոդ Այլնդ և Մասսաչուսեց նահանգների երաժիշտները։

Հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններն էլ հնչել են ԱՄՆ մեկ այլ քաղաքում՝ Բոստոնում՝ հայ-ֆրանսիական երաժշտության համերգի շրջանակներում։ Հայաստանի կոմպոզիտորների միության և Ամերիկայում հայկական թանգարանի (Բոստոն) համատեղ ջանքերով կազմակերպված համերգին մասնակցել են Բոստոնի Նոր Անգլիա կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահարուհի Կատե Կայայանը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Սթիվեն Պորտերը: Երեկոյի ընթացքում հնչել են Գ. Հովունցի, Մ․ Կոկժաևի, Կ․ Պետրոսյանի, ինչպես նաև Ֆ. Պուլենկի, Կ. Դեբյուսիի, Ֆ. Ֆրանկի և Է․ Չաուսոնի ստեղծագործուրյունները։ Թանգարանի տնօրեն պ. Պերճ Չեքիջյանն իր խոսքում բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումներն ու կարևորել Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցությունը։

Հավելենք միայն, որ ԱՄՆ-ում կայացած երկու համերգների գեղարվեստական ղեկավարն է եղել ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը։

Scroll Up