Հայաստանը՝ առաջին քրիստոնյա երկիր. BBC-ի անդրադարձը

BBC հեղինակավոր լրատվական կայքը զբոսաշրջություն բաժնում «Առաջին քրիստոնյա երկի՞ր» խորագրով հոդված է հրապարակել՝ պատմելով Հայաստանի մասին:
Ստորև ներկայացնում ենք BBC-ի հոդվածը.
Կրոնի պատմություն
3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ. Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է:
Հոգևոր առաջնորդ
Լեգենդի համաձայն՝ Հայ Առաքելական եկեղեցու առաջին ղեկավարը Գրիգոր Լուսավորիչն է, որի հայրը՝ Անագը, սպանել է հայոց թագավոր Խոսրով 2-րդին: Գրիգորը պատժվում է կատարված հանցագործության համար: Գրիգորին հաջողվում է փախչել Կապադովկիա:
Որոշ ժամանակ անց Գրիգորը վերադառնում է հայրենիք՝ հույս ունենալով թագավորին և հայ ժողովրդին քրիստոնյա դարձնել: Իմանալով Գրիգորի վերադարձի մասին՝ սպանված Խոսրով 2-րդի որդին՝ Տրդատ 3-րդ թագավորը, բանտարկում է Գրիգորին: Թագավորը պնդում էր, որպեսզի նա հրաժարվի քրիստոնեությունից: Շուրջ 13 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո Գրիգորին հաջողվում է Տրդատին համոզել, որ հավատքը մեծ ուժ ունի: Արդյունքում թագավորը 301թ. քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն:
Անցյալի հետքեր
Գառնու ամրոցը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում: Այն կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում Տրդատ 1-ինի կողմից: Տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության Արևի որդու համար: Երբ Տրդատը քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն, հեթանոսական շատ տաճարներ քանդվեցին, բայց Գառնին այն քչերից է, որ կանգուն է մինչ օրս: Այսօր այն հայկական հեթանոսության խորհրդանիշ է, տարեկան ունենում է ավելի քան 136 հազար այցելու: Գառնին հայկական զբոսաշրջության ամենահայտնի վայրերից է:
Սրբի եկեղեցի
Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևմուտք գտնվում է Վաղարշապատը, որը հայտնի է «սուրբ մայրաքաղաք» անունով: Այստեղ է տեղակայված սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է 630թ. և այժմ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է կույս Գայանեի մահապատժի վայրում, որին սպանել է Տրդատ 3-րդ թագավորը քրիստոնյա լինելու համար: Գայանեի աճյունն ամփոփված է եկեղեցում:
Նախկին փոս
Խոր Վիրապի վանքը տեղակայված է Արարատյան դաշտավայրում: Հենց այստեղ է բանտարկված եղել Գրիգոր Լուսավորիչը Հայաստան վերադառնալուց հետո: Խոր Վիրապի մատուռը կառուցվել է 642թ.՝ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի: Այսօր Խոր Վիրապը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից է:
Աղոթք քարանձավում
Գառնիից հյուսիս-արևելք գտնվում է Գեղարդի վանքը, որը ևս ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ըստ ավանդության՝ առաջին վանքը հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին: «Գեղարդ» անվանումը բացատրվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։
BBC-ն անդրադառնում է նաև Զորաց եկեղեցուն, խաչքարերին, ինչպես նաև Սիսիանում գտնվող քարահունջին, որը համեմատում է անգլիական Սթոունհենջի հետ:
Աղբյուրը՝ Արցախպրես