Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան հայտարարում է ընդունելություն
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կոլկաթայում (Հնդկաստան, Արևմտյան Բենգալ նահանգ) այսօր էլ գործում է 1821թ. հիմնադրված Հայոց մարդասիրական ակադեմիան:
Մինչև Հնդկաստանի անկախության ձեռքբերումը վերոնշյալ հաստատությունը եղել է հարավասիական տարածաշրջանի հայկական համայնքների հիմնական միջնակարգ ուսուցման կրթօջախը, որտեղ ուսանել է շուրջ 280 աշակերտ: Դպրոցը ֆինանսավորվել է հնդկահայ բարերարների կողմից: Դպրոցի գործունեությունը իրականացվում է ավելի քան մեկ դար առաջ հնդկահայ համայնքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի հաշվին:
Սակայն 20-րդ դարի կեսերից Հնդկաստանի հայ համայնքի շարունակական նվազման հետևանքով այժմ կտրուկ պակասել է կրթօջախում ուսանող աշակերտների թիվը: Թեև առկա ֆինանսական միջոցները թույլ են տալիս ընդունել մինչև 250 աշակերտ, ներկայում դպրոցում ուսանում է շուրջ 70 աշակերտ, որոնց գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Տեղեկացնում ենք, որ այստեղ կարող են սովորել հայ երեխաներ ցանկացած երկրից: Առաջարկում ենք դիտարկել նաև մանկատներից, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներից համապատասխան տարիքի երեխաների՝ տվյալ կրթօջախ ընդունման նպատակահարմարությանը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ձեռք բերելու առավել որակյալ կրթություն:
Կից ներկայացնում ենք դպրոցի ղեկավարության հետ մշակված տեղեկատվական հակիրճ նյութը: Անհրաժեշտության դեպքում Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը և Սփյուռքի նախարարությունը պատրաստ են տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն:
***
ԿՈԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան[1] հիմնադրվել է 1821թ. հնդկահայ համայնքի նախաձեռնությամբ և մինչև 1870թ. ունեցել է իր ինքնուրույն կրթական ծրագիրը, որը հետագայում համապատասխանեցվել է նահանգի կրթական համակարգի պահանջներին:
1999թ. Կոլկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ կրթօջախը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը։ Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեության կառավարման հետ կապված բոլոր լիազորությունների իրականացումը։
Կրթօջախն ունի բուժարան, մարզասենյակ, լողավազան, տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին կացարաններ: Այնտեղ գործում է 1828թ. հիմնադրված «Արարատյան» գրադարանը։
Ներկայում հաստատությունում ուսանում են աշակերտներ առավելապես Հայաստանից։
Ընդունելության պայմանները
Կրթօջախ կարող են ընդունվել 8-ից 11 տարեկան պատանիները: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա, որը տեղի է ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական ղեկավարությամբ: Հնդկաստանի մուտքի արտոնագրի տրամադրման վճարը և ճանապարհածախսը հոգում է կրթօջախը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համապատասխան ծառայության միջոցով:
Դպրոցը երեք տարին մեկ հոգում է աշակերտների՝ ամառային արձակուրդներին Հայաստան մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, իսկ միջանկյալ ժամանակահատվածում նրանք կարող են այցելել Հայաստան սեփական միջոցներով:
Դպրոցի ղեկավարությունը, որպես օրինական խնամակալ, պատասխանատու է ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի շրջանավարտների՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն անցնելու նպատակով Հայաստան վերադարձի համար։
Կրթությունը
Կոլկաթայի Հայոց մարդասիրական ակադեմիան հայկական թեքումով անգլիալեզու միջնակարգ դպրոց է, որտեղ աշակերտները սովորում են նաև հինդի։ Հայաստանից գործուղված մասնագետների կողմից հայերենով դասավանդվում են Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն, Հայ եկեղեցու պատմություն և Հայ երգ-երաժշտություն առարկաները: Մանկավարժների ընտրությունը և Կոլկաթա գործուղումը իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։ 10-ամյա միջնակարգ կրթությունը բարեհաջող ավարտած և համապատասխան վարքագիծ դրսևորած սաներին հնարավորություն է տրվում կրթությունը շարունակել Կոլկաթայի լավագույն ավագ դպրոցներում:
Սաների կեցության, ուսման, հագուստի և գրենական պիտույքների ծախսերն ամբողջովին հոգում է կրթօջախը:
Բժշկական ապահովումը
Ճեմարանն ունի բժիշկ, ով շաբաթը երկու անգամ այցելում է աշակերտներին: Առողջական գանգատների դեպքում աշակերտի զննությունից հետո նշանակվում է համապատասխան բուժում, իսկ անհրաժեշտության դեպքում նա տեղափոխվում է հիվանդանոց: Առկա է նաև շուրջօրյա բուժքրոջ հաստիք, որն այժմ ժամանակավորապես թափուր է (ընդունելության համար տրված է հայտարարություն): Բժշկական բոլոր ծախսերը հոգում է կթրօջախը:
Սննդակարգը
Ճեմարանն ունի ճաշարան, որտեղ աշակերտները սնվում են օրը երեք անգամ: Նրանք նաև թեթև ուտեստներ են ստանում երկար դասամիջոցին և կեսoրից հետո ազատ ժամանցին: Հաճախ աշակերտներին տրվում են անհրաժեշտ մթերքներ, որպեսզի նրանք պատրաստեն թխվածքներ կամ ազգային ուտեստներ:
Հիգիենայի պայմանները
Դպրոցն ունի լվացքատուն, որտեղ լվացվում և արդուկվում է աշակերտների հագուստը: Յուրաքանչյուր շաբաթ նրանք ստանում են մաքուր անկողին։ Ննջասենյակների, սանհանգույցների, դասարանների մաքրությունն ապահովում են հավաքարարները: Տարածքի մաքրությունն ու այգու խնամքը կատարվում են բակային աշխատողների կողմից: Աշակերտները ստանում են համազգեստ, կոշիկ, սպորտային հագուստ, ներքնաշորեր և անձնական հիգիենայի բոլոր պարագաները:
Էքսկուրսիաները և ուխտագնացությունները
Դպրոցի տեսչությունը ուսուցչական կազմի հետ միասին հաճախակի կազմակերպում է բազմապիսի կրթադաստիարակչական և ճանաչողական էքսկուրսիաներ Կոլկաթայի զանազան թանգարաններ, տեսարժան վայրեր, իսկ ամառային արձակուրդներին՝ նաև այցեր զբոսայգիներ ու ժամանցի վայրեր:
Յուրաքանչյուր կիրակի աշակերտները մասնակցում են Կոլկաթայում կամ Հնդկաստանի Արևմտյան Բենգալ նահանգի այլ քաղաքներում գոյություն ունեցող հայկական եկեղեցիներից որևէ մեկում մատուցվող սուրբ պատարագին, որի ընթացքում տղաների մի մասն ըստ ցանկության սպասավորում է սուրբ խորանում, իսկ աղջիկները որպես դպրաց դաս երգում են երգչախմբում:
Կապը հարազատների հետ
Շաբաթը մեկ օր աշակերտներին տրվում է հնարավորություն գրադարանից «Skype» ծրագրի միջոցով զրուցել հարազատների հետ (արձակուրդներին ավելի հաճախ): Աշակերտների ննջարանում առկա է քաղաքային հեռախոս, սահմանված ժամերին հարազատները կարող են զանգահարել։
Ուսումնական տարվա ընթացքում սաներին արգելվում է օգտագործել բջջային հեռախոս կամ պլանշետ։ Առկայության դեպքում դրանք պահվում են ղեկավարության մոտ և արձակուրդներին վերադարձվում են։
Դպրոցի տարածքում տեղադրված տեսախցիկների միջոցով հնարավոր է առցանց հետևել բակում ու մարզադաշտում աշակերտների երեկոյան ժամանցին:
Հարազատների այցելությունները
Աշակերտների հարազատները, նախապես տեղեկացնելով, կարող են այցելել երեխաներին: Դպրոցի ղեկավարությունը նրանց տրամադրում է ժամանակավոր կացարան։ Հաճախ աշակերտներին այցելած ծնողները կամավոր աշխատաում են խոհանոցում՝ օգնելով հնդիկ խոհարարներին պատրաստելու հայկական ուտեստներ
Դպրոցի տարածքը
Կրթօջախն ունի մոտ հինգ հազար քառակուսի մետր խնամված տարածք, որտեղ աշակերտների համար առկա են կրթության, կեցության և ժամանցային գրեթե բոլոր պայմանները՝ ներառյալ համակարգչային, հեռուստացույցի, արվեստի, երաժշտության սենյակները, գրադարանը, ընդարձակ դահլիճը, մարզադաշտը, մարզասրահը, լողավազանը (այն գտնվում է վերանորոգման փուլում), ինչպես նաև լվացքատունը՝ կարելու և արդուկելու համար նախատեսված կից բաժիններով:
Անվտանգությունը
Դպրոցի ողջ տարածքը շրջապատված է բարձր, ամուր ու անանցանելի պարսպով: Գոյություն ունի մեկ հիմնական մուտք՝ կրկնակի դարպասներով, որտեղ 24-ժամյա ծառայություն են իրականացնում անվտանգության աշխատակիցները: Ակադեմիայի ողջ տարածքը վերահսկվում է տեսախցիկներով:
Առանձին դեպքերում աշակերտները տարածքից կարող են դուրս գալ միայն վերակացուի թույլտվությամբ ու անցաթղթով՝ ավագ ուսանողներից մեկի ուղեկցությամբ: Իսկ ավագ դպրոցների կամ բուհերի ուսանողները պետք է վերադառնան սահմանված ժամից ոչ ուշ:
Աշակերտների քանակը
Այժմ կրթօջախում ընդհանուր առմամբ բնակվում է 73 հոգի, որոնցից 61-ը ճեմարանի աշակերտներն են, իսկ մյուսները ուսանում են քաղաքի ավագ դպրոցներում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու մինչև 250 աշակերտ:
[1] Պաշտոնական կայքը. http://www.armeniancollege.edu.in/