Նոր նամականիշ՝ նվիրված Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին

2017 թվականի մարտի 3-ին մարվեց և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից:

Փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր գործարար, բարեգործ և 20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:

Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ա. Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի Ակադեմիական Թատրոնի շենքն է և կրում է Ռուստավելիի անունը:

Փոստային նամականիշը ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի պաշտոնական մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

1 2

Scroll Up