Հայ երիտասարդները տապալել են թուրք ժխտողական պատմաբանի դասախոսությունը

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը:

ՀՅԴ Զավարյան ուսանողական միության անդամները խաղաղ ակցիայի միջոցով դատապարտել են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

Թուրքիայի կառավարությանն առընթեր Յունուս Էմրե ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում կազմակերպված միջոցառմանը սրահում գտնվող հայ երիտասարդները ոտքի են կանգնել և սկսել են վանկարկել. «Ցեղասպանությունը ժխտող», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Ամոթ Թուրքիային», «Մենք այստեղ ենք»:

Երիտասարդները կրել են սպիտակ շապիկներ, որոնց վրա տարբեր գրություններ են եղել, ինչպես օրինակ` «Ապրիլի 24», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է», «Հրանտ Դինք», «Սևակ Բալըքչը»:

Նրանք հորդորել են պատմաբանին խոսել ճշմարտության մասին, այնուհետև դուրս են եկել լսարանից: Սակավամարդ մնացած լսարանում Հայոց ցեղասպանության մասին հնչեցված հարցին պատմաբանը խուսափողական պատասխան է տվել:

 

Scroll Up