Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/04/Ukhtagnacutyun_Akhaltsikhe.jpg)
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները նշելը և ուխտագնացությունների միջոցով հավատքն ամրապնդելը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության նպատակներից մեկն է, գրում է armenianchurch.ge կայք-էջը:
2017 թվականի ապրիլի մեկին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մուտքն ի Վիրապ հիշատակի օրվա կապակցությամբ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը ուխտագնացություն կազմակերպեց Ախալցիխեի նույնանուն հինավուրց եկեղեցի: Ուխտագնացությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ:
Վաղ առավոտյան թեմի երիտասարդական բաժնի շուրջը համախմբված երեք տասնյակից ավելի երիտասարդներ, բաժնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի և Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ախալցիխե:
Ուխտավորները մասնակցեցին տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ախալցիխե քաղաքի հայության հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա խորհրդի՝ Հայոց առաջին հովվապետի 13-տարի Խոր Վիրապում կրած անասելի չարչարանքների մասին Պատարագիչ Հայր Սուրբի քարոզ խոսքը: Ողջունելով Թբիլիսիից ժամանած ուխտավորներին, Հայր Հակոբը հորդորեց նրանց զերծ մնալ օրվա տվայտանքներից, Հայոց Առաջին հովվապետի կամքի և դիմադրության ուժի օրինակով ապրել բարեսրտությամբ և հավատքին նվիրվածությամբ:
Ուխտավորները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը:
Թբիլիսահայ երիտասարդներն Ախալցիխե քաղաքի հոգևոր տեսչի և Ախալցիխեի շրջանի հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի առաջնորդությամբ իրենց ուխտը շարունակեցին Ախալցիխեի Սուրբ Ստեփանոս փլուզվող և Սուրբ Նշան եկեղեցիներում: Տեղում մոմեր վառելուց հետո դարձան հոգևոր հայրերի «Պահպանիչ« աղոթքի աղոթակիրները:
Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը այցելեց նաև Ախալցիխեի Ռաբաթ համալիր, դիտեց քաղաքի տեսարժանությունները:
Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես հարստացած վերադարձան Թբիլիսի: