Սահմանամերձ Կոթի գյուղում ռոբոտաշինության խմբակներ են գործում

«Արդյոք հնարավո՞ր է, որ մի օր ռոբոտները մտածեն մարդկանց պես»,- հարցին Կոթիի ռոբոտաշինության խմբակի մասնակից Անի Էվինյանն իր պատասխանն ունի. «Այսօր արդեն մարդիկ են մտածում ռոբոտների նման»։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Կոթի գյուղի ՍՄԱՐԹ ապահով սենյակում իրագործում է «Լեգո» ռոբոտիկայի երկու խմբակ՝ 12-ական աշակերտով։ Ընդգրկված են գյուղի դպրոցի 5-9-րդ դասարանցիներ։ Կրտսերները (5-6-րդ դասարաններ) օգտագործում են LEGO WeDo2.0 հավաքածուները, իսկ ավագների (7-9-րդ դասարանցիներ) խումբն աշխատում է LEGO Mindstorms EV3 հավաքածուով։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Հիմնադրամից, դեռ նախորդ տարի ձեռք բերված «Լեգո» սենսորային հավաքածուները գործածելու համար գյուղի ֆիզիկայի ուսուցիչ Արծրուն Սիրադեղյանը վերապատրաստվել է որպես ռոբոտիկայի դասընթացավար։ Մասնակից աշակերտներն ընտրվել են հատուկ հարցաշար լրացնելու միջոցով, որտեղ ստուգվում է երեխայի տրամաբանությունը, մտածելակերպը, հարցը մանրամասն ուսումնասիրելու ու մանրամասնորեն՝ քայլ առ քայլ առաջ շարժվելու կարողությունը։ Ըստ մասնագետների՝ վերջինս անչափ կարևոր է ծրագրավորման համար։

«Ռոբոտիկան ու ծրագրավորումը մեր ժամանակի մաթեմատիկան են։ Այն ոչ միայն իմացական, այլև առօրյա կիրառելի գիտելիք է. սա օրվա պահանջն է։ Ռոբոտիկայի «Լեգո» խմբակը հնարավորություն է տալիս երեխաներին խնդիր դնելու, լուծման ուղիներ գտնելու, մտածողության նոր հորիզոններ բացելու»,- նշում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

ՍՄԱՐԹ ապահով սենյակի ռոբոտիկայի խմբակում երեխաները նախ սահմանում են, թե ինչ է ռոբոտը, ինչ հնարավոր գործառույթներ կարող է կատարել։ Կոթիի երեխաների ռոբոտաշինության նպատակներն ամենատարբեր էին՝ գույն ու հեռավորություն որոշող ռոբոտից մինչև երկրի սահմանները պահողներ, դպրոցում ուսուցչին փոխարինողից մինչև մտքի արագությամբ մարդուն ցանկացած վայր տեղափոխող ռոբոտներ։ Իսկ 9-րդ դասարանցի Նարեկ Կիրակոսյանի խոսքով՝ ինքն անիրագործելի նպատակ ունի. «Ուզում եմ նախագծել լույսի արագությունը գերազանցող ռոբոտ, որ կուսումնասիրի տիեզերքի սև խոռոչները»։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ սենյակները կանոնավոր ուսումնական ծրագրեր են առաջարկում տարբեր տարիքի երեխաների՝ կախված նրանց հետաքրքրություններից ու կարողություններից։ Լոռու և Տավուշի ՍՄԱՐԹ սենյակներում ծրագրային ու բովանդակային սահմանափակումներ չենդրվում՝ արվեստ ու տեխնոլոգիա, լեզուներ և ինքնակրթություն։

Scroll Up