Ուխտագնացություն Կիևի երիտասարդների համար

Մարտի 26-ին Ուկրաինայի հայերի երիտասարդական կազմակերպությունները Խերսոն, Վիննիցա և Կիև քաղաքներից հյուրընկալվեցին Օդեսայի երիտասարդական կազմակերպությանը: Կիևի երիտասարդներին էին միացել նաև Տ.Գ. Շեվչենկոյի համալսարանում մագիստրատուրայի կուրս անցնող Հայաստանից եկած ուսանողները: Այս մասին տեղեկացնում է  armchurch.info կայքը:
Ուկրաինայի Հայոց թեմի կազմակերպած այս ուխտագնացությունը Կիևի երիտասարդների համար համընկավ Ուկրաինայի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների  «Հյուր գնալ» ծրագրի հետ: Եվ Կիևի Սրբոց Նահատակաց մատուռի Հոգևոր հովիվ Տեր Կարապետ քհն. Ղարիբյանը և ՈՒՀԵՄ -ի ղեկավար Հովակիմ Հարությունյանը հույս հայտնեցին, որ այս ուխտագնացությունը կդառնա առաջին քայլը Կիևում Երիտասարդական կազմակերպություն ստեղծելու ճանապարհին:
Երիտասարդները մասնակցեցին կիրակնօրյա Ս. Պատարագին, որը մատուցում էր Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Աբգար քհն. Գլճյանը: Պատարագի ավարտին Տեր Կարապետը քարոզ խոսեց՝ բացատրելով «Դատավորի կիրակիի» խորհուրդը:

Օդեսայի երիտասարդական կազմակերպությունը հյուրերի համար պատրաստել էր նաև խաղային ծրագիր, ըստ որի Երևանից ժամանած հայ երիտասարդները հաղթեցին «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղում: Խաղից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան շրջել Օդեսա քաղաքում և ծանոթանալ տեղի հուշարձաններին և մշակութային արժեք ունեցող շենքերին:

Scroll Up