Սերգեյ Լավրովը Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանին պարգևատրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» մեդալով:
Ինպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նախարար Լավրովի անունից մարտի 24–ին ՌԴ ԱԳՆ-ում պարգևը հանձնել է նախարարի տեղակալ, գլխավոր քարտուղար Գրիգորի Կարասինը: Պարգևատրման արարողությունից հետո Գրիգորի Կարասինը և Յուրի Նավոյանը մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների և համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:
Յուրի Նավոյանը ՀՀ առաջին քաղաքացին է, որ արժանանում է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» մեդալին: Հատկանշական է, որ վերջերս Յուրի Նավոյանը արժանացել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պատվո մեդալին», որը նրան 2016 թ. հոկտեմբերին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այս պարգևատրումները հանդիսանում են իբրև հայ-ռուսական հարաբերություններում պետական ու հասարակական դիվանագիտության համագործակցության նշան:
Յուրի Նավոյանը ծնվել է 1969 թ., ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացները (Ստրասբուրգ), Հարվարդի համալսարանի իրավաբանական դպրոցի (Բոստոն) հակամարտությունների կառավարման ծրագիրը:
Մինչև 2012 թ. Մոսկվա տեղափոխվելը Յուրի Նավոյանը հանդիսացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նորաստեղծ Սփյուռքի բաժնի պետը, իսկ Մոսկվայում երկար ժամանակ ղեկավարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Իր գործունեությամբ նա նպաստել է հայ-ռուսական քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, գիտա-վերլուծական համատեղ աշխատանքների իրականացմանը:
Հայ գործչի նախաձեռնություններից հայտնի են պատմության կեղծարարության դեմ ուղղված «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագիրը, «Ռուս-հայական համագործակցության գրադարան» մատենաշարը, «Հայաստանը բարեկամների աչքերով» նախագիծը, «Ռուսահայության ձայնը» հեռուստածրագիրը, Հայաստանին նվիրված կլոր սեղանների կազմակերպումը Մոսկվայի Տնտեսական ամենամյա ֆորումում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն հարցերին նվիրված բազմաթիվ միջազգային գիտաժողովների անցկացումը:
Մոսկովյան իր գործունեության ընթացքում նա նպաստել է նաև հայության ինքնակազմակերպմանը` նախաձեռնելով հայկական նոր ազգային-մշակութային կազմակերպությունների, կիրակնօրյա դպրոցների, երիտասարդական և կանացի միությունների հիմնումը Մոսկվայում և Մոսկվայի մարզի խոշոր քաղաքներում:
Մոսկվայում գործող կազմակերպությունների միջև համագործակցության նոր մշակույթի հաստատման և համատեղ բովանդակային գործունեության համար Յուրի Նավոյանի և համախոհների ջանքերով 2010 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը, իսկ 2012 թ.` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Մոսկվայի տարածաշրջանային հանձնաժողովը: Նա եղել է այս համախմբումների համանախագահներից մեկը: Իսկ 2013 թվականից Յուրի Նավոյանը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումների Համառուսաստանյաան հանձնաժողովի համակարգողն է:
Բացի ՀՀ և ՌԴ գերատեսչական պարգևներից, Յուրի Նավոյանի գործունեությունը գնահատված է նաև ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շնորհակալագրով, ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալով, ԱՊՀ երկրների ինստիտուտի «Գիտական հետազոտությունների և հայրենակիցներին աջակցության համար» պատվո նշանով, Ռուսաստանի գրողների միության «Ալեքսանդր Գրիբոյեդով» մեդալով: