«Արգիշտ» հայկական համայնքը Հայաստանը ներկայացրեց «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնին

Մարտի 16-ին Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում մեծ շուքով, տարաբնույթ միջոցառումներով, պարգևների հանձնմամբ ու տոնական համերգով տեղի ունեցավ «Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ազնիվ Պարոնյանը, 10-ամյա պատմություն ունեցող փառատոնին մասնակցում էին ոչ միայն Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի ուսանողները, այլև այլ բուհերի և ազգամշակույթային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությաններ:
Բուհի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ազգային խոհանոցի ու ավանդական ճաշատեսկների» ցուցադրություն։ Փառատոնը շարունակվեց տոնական համերգով՝ հյուրերի, բուհի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար։
Մասնակիցները ներկայացրեցին համերգային ծրագիր՝ ազգային երաժշտությամբ, երգ ու պարով, պոեզիայով։
Արդեն երեք տարի է՝ փառատոնին Հայաստանը ներկայացնում են «Արգիշտ» հայ համայնքի ժողովրդական գործիքների (ուսուցիչ` Ավետիս Մանուկյան) և «Արգիշտ» պարային խմբերը, ինչպես նաև իրենց վառ կատարումներով աչքի են ընկնում բուհի հայ ուսանողները։
«Այսպիսի փառատոներում երկիր, հայրենիք ներկայացնելը մեծ ոգևորություն է առաջացնում, ներքուստ հպարտություն ես զգում: Մենք մասնակից բոլոր ազգերից տաբերվեցինք նրանով, որ լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը, 15 րոպեում ներկայացրեցինք մեր ազգի անցյալ և ներկա մշակույթը,- նշեցին «Աիգիշտ» պարային խմբի ներկայացուցիչները և հավելեցին,- Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»: