«Վարդանանց ոգին թող ամուր մնա ձեր սրտերում»․ Տեր Առաքել քահանա Ամիրյան

Մարտի 5-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» բեմում միջոցառում էր՝ նվիրված աշխարհում հանուն Քրիստոնեության տեղի ունեցած առաջին ճակատամարտի սուրբ նահատակներին՝ Վարդանանց քաջերին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից, պատմության ուսուցչուհի Սիլվա Գյուլիշյանի հեղինակած միջոցառումը կոչված էր վերահաստատելու 5-րդ դարի և մերօրյա հազկերտներին ուղղված նամակը․«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված…»։ Եվ որպես վկայություն ասվածի՝ հանդիսատեսը՝ կրթօջախի սաների ներկայացմամբ, մասնակիցը եղավ Արտաշատի ժողովին, Ղևոնդ երեցի գլխավորությամբ կազմակերպված դիմադրությանը և Ավարայրի ճակատամարտին։ Ապա, ինչպես Եղիշեն է վկայում. «Քաջերը ելան քաջերի դեմ և ոչ մի կողմը չհաղթեց»։ Իսկ «քաջերը քաջերի դեմ ելան» Մարգարիտա Գրիգորյանի՝ հայկական անզուգական պարային բեմադրությամբ՝ իր ղեկավարած «Վարդավառ» համույթի պարողներով։

Պարային համարը ասես դահլիճ բերեց Ավարայրի ճակատամարտի պայքարի ոգին, անձնազոհ ընթացքը և աննկուն ավարտը։ Իսկ Սիլվա Գյուլիշյանի մանրակրկիտ մշակված սցենարը սկզբից մինչև վերջ լարված և կլանված մթնոլորտում պահեց հանդիսատեսին։ Եվ որ առավել խորհրդանշականն է՝ Վարդանը չընկավ։ Չընկավ, քանի որ իր կատարած գործի վեհությունը հենարան դարձավ իրեն, չընկավ, որովհետև զորքի սակավության պատճառով չհաղթելով ճակատարամարտում՝ հաղթեց վերջնական արդյունքում։

«Մենք բոլորս վերապրեցինք Ավարայրի դաշտում տեղի ունեցածը։ Վերապրեցինք մեր մեծերի խոսքն ու քայլը, և ես վստահ եմ, որ այս միջոցառումը ողջ կյանքի դաս էր ձեզ համար։ Դուք վերահաստատեցիք, որ ոչինչ չի կարող ձեզ հեռացնել ձեր հավատքից, որն ամրագրվել է իբրև մաշկի գույն։ Կեցցե´ք դուք և ձեր ուսուցիչները, որ մեզ նման անկրկնելի պահեր նվիրեցիք։ Ձեզ եմ փոխանցում մեր սիրելի Սրբազան Հոր սերը, օրհնությունն ու պատգամը, որ Վարդանանց ոգին ամուր, կայուն մնա ձեր սրտերում»,- դիմելով մասնակիցներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։

Վարդանանց տոնին նվիրված միջոցառումը մեկնարկեց Լենա Բեգլարյանի ղեկավարած «Նորահրաշ» համույթի վոկալիստների կողմից նույնանուն շարականի կատարմամբ և ապարտվեց Վարդան Մամիկոնյանին և իր քաջերին նվիրված երգերով։ Իսկ բեմի ձևավորման հարցում հեղինակ Սիլվա Գյուլիշյանի մտահղացումը դեկորացիաներով լրացնելը կյանքի էին կոչել Հրաչուհի Մարտիրոսյանը և իր ղեկավարած նկարչական խմբակի սաները։

«Ինձ համար մեծ պատիվ է, որ տիկին Գյուլիշյանն ինձ վստահեց մեր ազգի հերոսի կերպարը կերտելը: Ես ասես զգում էի մեր քաջ նախնիների զայրույթը, որով նրանք պատասխանել էին Հազկերտին և հպարտություն ու պատասխանատվություն էի զգում նրանց ժառանգը լինելու համար»,- այն հարցին, թե ինչ զգոցողություններով էր մարմնավորում Վարդան Մամիկոնյանի կերպարը՝ ասաց հերոսի դերակատար Էդուարդ Իսկանդարյանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13

Scroll Up