Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի Զաբել Եսայանի անունով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/zabel-yesayan.jpg)
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Վերջինս իր ելույթում նշել է, որ Փարիզի փողոցներից մեկը վերանվանելու են հայ հայտնի գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զաբել Եսայանի անունով.
«Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանը իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան և իրարից ընդունելու, և հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը:
Կցանկանայի նաև, օգտվելով ֆրանսահայ համայնքին ծառայող հոգևորականության առաջնորդների և Ձեր, տիկին Սփյուռքի նախարար, ներկայությունից, հայտնել, որ Փարիզը համերաշխ է արևելյան քրիստոնյաների, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում հակամարտության բոլոր զոհերի հետ:
Այդ համերաշխությունը հստակ է, այն դրսևորվում է բազմաթիվ փախստականներին ընդունմամբ, կամուրջների ստեղծմամբ, որոնք հաճախ փխրուն են, երբեմն էլ հաջողված կամուրջներ, բայց ես գիտեմ, որ ցանկացած փոքր կամուրջ ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր գոռոզ պատերը: Հենց այդ կամուրջներով է անցել սփյուռքահայությունը։ Փարիզը պարտական է նրանց իր մշակութային, մտավոր և հոգևոր հարստության համար, ինչպես փարիզահայերն են նրան երախտապարտ իրենց վերապրման և հետագա վերածննդի համար:
Որպես այդ կամուրջների վկայություն՝ մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները:
Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաև Երևանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները և նախաձեռնությունները: