Նիժնի Նովգորոդի «Նաիրի» պարախումբը 10 տարեկան է. լուսանկարներ
Գարնան առաջին օրը Նիժնի Նովգորոդի ամենամեծ համերգասրահներից մեկում նշվեց «Նաիրի» ժողովրդական պարախմբի 10-ամյա հոբելյանը։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է Ռեգինա Սաֆարյանը, հոբելյանական երեկոն սկսվեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունից ստացված տեղեկատվության ընթերցումով. «Նաիրի» պարախմբի գեղարվեստական ղեկավար Կարինե Քոչարյանը Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար պարգևատրվել է «Կոմիտաս» մեդալով, իսկ պարախմբի պարուսույց Անահիտ Սարիբեկյանը՝ պատվոգրով։
Համերգասրահում տիրեց տոնական տրամադրություն։ Հայրենիքի կողմից տրված բարձր գնահատականը, անկասկած, պարախմբի ղեկավարների տասնամյա տքնաջան ու ստեղծագործ աշխատանքի և ազգային արվեստին անմնացորդ նվիրվելու արդյունքն է ։ Բեմադրիչ- պարուսույց Անահիտ Սարիբեկյանն իր բեմադրած պարերում ձգտում է անաղարտ պահել ազգային պարարվեստի ավանդույթները՝ միաժամանակ ցուցաբերելով իր հեղինակային մոտեցումը։ «Նաիրի» պարախմբի յուրաքանչյուր պար մի առանձին բեմադրություն է՝ անկրկնելի իր յուրահատուկ ոճով ու գեղեցկությամբ։ Գեղարվեստական ղեկավար Կարինե Քոչարյանն իր տաղանդի, կազմակերպչական արտասովոր ունակության շնորհիվ իր շուրջն է համախմբել 150 երեխա, որոնց համար պարախումբը դարձել է իրենց երկրորդ ընտանիքը։ Այդ երեխաների բացարձակ մեծամասնությունը ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում։ Շատերը դժվարությամբ են խոսում հայերեն, սակայն պարի լեզուն վերածնում է նրանց հոգում ազգայինը։ Յուրաքանչյուր պարի ուսուցումը դա նաև հայ ժողովրդի պատմության դասավանդում է, ազգային ոգու դաստիարակություն։
Պարախումբը հաճախ է համերգներով ու ելույթներով հանդես եկել ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև արտասահմանում՝ տարբեր բեմերից ներկայացնելով հայկական ժողովրդական պարն ու մշակույթը, և միշտ վերադարձել է հաղթանակներով։ Մասնակցել է նաև Հայաստանում կայացած փառատոներին։ «Նաիրի» պարախումբը համագործակցում է «Հայաստանի պարողների և պարագետների միության», «CID UNESCO ( International Dance Council)», «EUROGRADE» կազմակերպությունների հետ։
Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, որոնք ջերմորեն շնորհավորեցին «Նաիրի» պարախմբին։ Նիժեգորոդի մարզի մշակույթի նախարար Ա.Ս.Գորինը, շնորհավորելով պարախմբին 10-ամյա հոբելյանի առթիվ, ասաց, որ «Նաիրի»-ն իր ելույթներով զարդարում է Նիժնի Նովգորոդի բոլոր տոնական միջոցառումները։ Նիժեգորոդի մարզի վարչակազմի անունից հուզիչ ելույթ ունեցավ Օ.Ն.Շումակովան՝ նշելով, որ «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» կազմակերպությունը մարզում գործող ազգային հասարակական կազմակերպություններից ամենաակտիվն է, և «Նաիրի» պարախումբն իր անփոխարինելի ներդրումն ունի հայ համայնքի գործունեության մեջ։
Նիժնի Նովգորոդի Կանավինսկի շրջանի ղեկավարության անունից Ի.Ա.Ստեպանովը հավաստագիր նվիրեց պարախմբին՝ ազգային տարազներ կարելու համար։ Քաղաքային դումայի պատգամավոր Ն.Ի.Ինգլիկովը, Երիտասարդական պալատի նախագահի տեղակալ Ա.Ա.Ուրֆալյանը երախտագիտության ու շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին խմբին։ «Նաիրի» պարախմբին ջերմորեն ողջունեցին նաև «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» կազմակերպության խորհրդի անդամները, հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, պարող երեխաների ծնողները, որոնց երախտագիտության արցունքները «Նաիրի» պարախմբի հայրենանվեր գործունեության վկայությունն են։
Ընդամենը 10 տարվա տարեգրություն ունի «Նաիրի» պարախումբը, սակայն արդեն հասցրել է ձեռք բերել մեծ ժողովրդականություն, վստահություն ու սեր, իսկ դա բեմադրիչ–պարուսույցի ու գեղարվեստական ղեկավարի, երեխաների ու ծնողների համատեղ աշխատանքի արդյունքն է: Պարախմբի պատմությունը օր-օրի հարստանում է՝ ձեռք բերելով նորանոր երանգներ։ Մարտի 1-ի տոնական համերգը 10 տարիների մի յուրատեսակ հաշվետվություն էր, նվիրումով ու սիրով կատարված աշխատանքի ցուցադրություն:
Գարնան առաջին օրը Նիժնի Նովգորոդում թևածում էր հայոց պարը, հնչում էր հայկական երաժշտությունը…