Ի՞նչ է որոնում Էրդողանը Մոսկվայում
(Ռուսաստանն ու Թուրքիան՝ ղարաբաղյան «դաշտում»)
Երևի ոչ ոք չէր կասկածում, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում պիտի քննարկվեր ղարաբաղյան հարցը: Ավելին, Ահմադ Դավութօղլուն արդեն հայտարարել էր, որ իր երկրի վարչապետը մոսկովյան այցի ընթացքում անպայմանորեն անդրադարձ է կատարելու Լեռնային Ղարաբաղին և ներկայացնելու է իր դիրքորոշումը՝ Ռուսաստանի նախագահից ակնկալելով աջակցություն: Թե ինչ աջակցության մասին էր խոսքը, Դավութօղլուն չէր մանրամասնել, սակայն ակնբախ էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատի ուներ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացներին, բնականաբար, Ադրբեջանի դիրքերից ու շահերից:
Թուրքական դիվանագիտությունը միշտ էլ աչքի է ընկել իր ճկունությամբ և ներքնաշերտայնությամբ, անգամ՝ անակնկալներով, սակայն Ղարաբաղի հարցում Թուրքիան անընդհատ կրկնում է ինքն իրեն՝ այդպես էլ չկարողանալով հեռանալ կարծրատիպերից և արդեն ավանդական-մաշված դարձած դիրքորոշումից և պատկերացումներից: Սակայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանն առաջին անգամ օգտագործեց նոր պլատֆորմ ստեղծելու մասին միտքը, ինչը նշանակում է, որ Թուրքիան կամենում ադրբեջանամետ իր ձգտումների իրականացման ճանապարհին ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Այսինքն, համատեղ ջանքերով հասնել այն բանին, որ Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ՝ այսպիսով պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա, բնականաբար, Ալիևին տրված խոստում է, որից չի հեռանում Էրդողանը և ամեն կերպ ջանում է կատարել իր խոստումը՝ դրա դիմաց Ադրբեջանում ստանալու գործարար նոր ոլորտրների իշխելու հնարավորություն:
Սակայն միայն ադրբեջանական գործոնով չի պայմանավորված Թուրքիայի նման դիրքորոշումը: Բազմիցս ենք նշել, որ Անկարայի գերխնդիրը տարածաշրջանային լիդերության ստանձնումն է, ինչին խոչընդոտում են արևմտյան մի շարք տերություններ, մասնավորաբար Ֆրանսիան և Գերմանիան, որոնք էլ ամեն կերպ ձգձգում են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցի համակողմանի քննարկումը: Թուրքիան ԵՄ անդամ դառնալու համար տարբեր սցենարներ է արդեն փորձարկել, տարբեր պետությունների աջակցությունն է խնդրել, սակայն առայժմ նրա ցանկությունները օդից առկախ են, քանզի այս պետության նկատմամբ կա ոչ միանշանակ վերաբերմունք աշխարհում, մանավանդ Եվրոպան կասկածանքով է վերաբերվում Թուրքիային և նրա քայլերին: Ոչ մեկը չի ուզում մոռանալ, որ սիրիական ճգնաժամի «ճարտարապետներից» մեկը Թուրքիան է, որն առաջինը սկիզբ դրեց Սիրիայում իրավիճակի սրմանը՝ հետագայում «դիրիժորի» դեր ստանձնելով այսպես կոչված ապստամբների գործողությունների կազմակերպման հարցում:
Ուրեմն, ի՞նչ խաղաղարար կամ կարգավորող դեր կարող է կատարել մի երկիր, որն ամբողջապես հակված է դեպի Ադրբեջանը և միաժամանակ ձգտում է տարածաշրջանային տիրապետության: Բնականաբար՝ ոչ մի: Սակայն Թուրքիան շարունակում է իր դեգերեւոմները և անընդհատ փորձում է գտնել նոր գործընկերներ: Անկարան խանդավառվել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ: Ըստ Թուրքիայի՝ Հայաստանն ամբողջապես անցնելու է Ռուսաստանի տիրապետության տակ, Ռուսաստանն է հետայսու որոշելու Հայաստանի ճակատագիրը, բնականաբար՝ նաև Ղարաբաղի, հետևաբար Էրդողանը հայտնվել է Մոսկվայում և առաջարկում է նոր պլատֆորմի ստեղծման գաղափարը՝ այսպիսով ջանալով լուծել միանգամից երկու հարց. Ղարաբաղի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի և Ցեղասպանության ժխտման խնդիրը մեծ ողբերգության 100-ամյակի շեմին: Ահա Էրդողանի մոսկովյան այցի ենթատեքստը, որը, ինչպես տեսանք, ընդամենը ձևական վերաբերմունքի արժանացավ Կրեմլում, քանզի պաշտոնական Մոսկվան լավ է հասկանում, որ երկու հարցն էլ գտնվում են բոլորովին այլ դաշտում, որ ինքն ի զորու չէ միայնակ որոշելու հատկապես Ղարաբաղի ճակատագիրը՝ հակառակ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևի խոստումների և ջանքերի, երբ վերջինս Իլհամ Ալիևին խոստացել էր կարճ ժամանակամիջոցում լուծել ղարաբաղյան հարցը… Վերջին՝ վիեննական հանդիպումը ցույց տվեց, որ Արևմուտքը օրավուր մեծացնում է իր ներկայությունը, մեծ ջանքեր է ներդնում ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհին՝ կիրարկելի դարձնելով նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը…
Ուրեմն, Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվայում արած առաջարկությունը դառնում է ընդամենը Ադրբեջանին տրված խոստմանն ուղղված քայլ, որը երբեք չի կարող դիմորոշ լինել հարցի լուծման ճանապարհին…
Լևոն Մութաֆյան