Բաց դաս Օդեսայի կիրակնօրյա դպրոցում

Յուրաքանչյուր հայ համայնքի կյանքում կարևորագույն խնդիրը ազգային և հոգևոր նկարագրի պահպանումն է։ Եվ այն առավելագույնս իր լուծումն է գտնում շնորհիվ երկու գործոնների՝ հայ եկեղեցու ու հայ դպրոցի, որպես հայապահպանության գլխավոր հիմնասյուների։

Դրա ցայտուն արտահայտությունը եղավ բաց դասը Հայոց եկեղեցու պատմություն առարկայից, որը կայացավ Օդեսայի Սուրբ Մաշտոցի անունը կրող կրթօջախում: Այն վարում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր՝ ուրարակիր Էդմոնը։
Դասը գիտելիքների յուրօրինակ ստուգարք էր, քանզի նվիրված էր եկեղեցական սիրված տոներին՝ Սուրբ Սարգսին և Տեառնընդառաջին, որոնց մասին կրթօջախի սաները գիտելիքներ էին ձեռք բերել ոչ միայն դասապրոցեսի ընթացքում։ Նրանք ականատես էին եղել, մասնակից դարձել այս գեղեցիկ ծեսերի տոնակատարությանը նաև սուրբ տաճարում։
Տերունական աղոթքի ճախրանքից հետո հարց ու պատասխանների միջոցով վերծանվեց յուրաքանչյուր տոնի խորհուրդը, ներկայացվեց գաղափարը։ Մեկնաբանվեց` մեր ժողովրդի սիրված տոներից շատերը հավասարապես ունեն թե’ իրենց եկեղեցական և թե’ ժողովրդական անվանումները և արարողությունները, ինչպես Տեառնընդառաջը և Տրընդեզի կրակը։ Դասին ներկա գտնվողները տեղեկացան, որ այդ կրակը Աստծո ներկայության նշան է, իսկ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը ոչ միայն առյուծասիրտ ռազմիկ էր, այլ գթասիրտ քրիստոնյա՝ օժտված Աստծո հանդեպ աներեր հավատով։ Եվ մենք էլ պիտի նրա նման աստավածասեր ու գթասիրտ, բարի ու ներողամիտ լինենք կյանքում։
Իզուր չի ասված՝ հայկական ուտեստներից կարելի է սովորել հայ ազգի պատմությունը, որն անբաժան է հայ եկեղեցու պատմությունից։ Հետևաբար, տոնական բաց դասի զարդը նրբաճաշակ՝ թեմային ու խորհրդին համահունչ ձևավորված սեղանն էր, որի վրա աղանձի շեղջերն անգամ Մասիսների վեհաշուք տեսքով էին ձևավորված․․․
Ծիսական ուտեստների մեկնությանը համատեղ ժողովրդական արտահայտությունների, բարեմաղթանքների ու քառյակների միջոցով սանիկները ներկայացրին «Հաց հանապազօրյա» հասկացությունը։ Հնչեցին.
-Հացը ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք։
-Հացը բարեկամության խորհրդանիշ է։
-Արտս ոսկու՜ ն է
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև են հագեր…- Մեր լավաշ հացը մեր էությունն է,
Մեր հաց-հավատքը՝ աղոթք ու նշխար,
Մեր լավաշ հացը մեր սրբությունն է,
Երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ…

Հայտնելով տոնական դասից ստացած իր տպավորություններն ու կարծիքը՝ օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանն ասաց.
-Այս հոգևոր, գողտրիկ դասը ներկայացված սքանչելի տոներից յուրաքանչյուրի խորհրդի արտահայտությունն էր, սակայն կարևորը միայն գիտելիքները ձեռք բերելը չէ, այլ ապրելը տոնի խորհրդով և նրանով առաջնորդվելը մեր կյանքում։-Սփյուռքահայ երեխաները,երտասարդները պետք է գիտակցեն՝ ինչու՞ ընկնել օտարամոլության հետևից, երբ ունենք այսպիսի հիասքանչ ծեսեր ու տոներ։

Բաց դասի առիթով իր գոհունակությունը հայտնելով կազմակերպչին, սիրելի աշակերտներին՝ դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը նաև շնորհակալական սիրալիր խոսքեր հղեց շնորհալի ու պարտաճանաչ ծնողներին։ Նա իր հերթին խոստացավ, կարել է ասել ՝ ուխտ արեց, որ կրթօջախը հաճախակի կիրականացնի նմանատիպ նախաձեռնություններ, որովհետև դրանք սերունդների հոգիներում դաստիարակում են հոգևոր ու ազգային արժեքներ և ծառայում հայապահպանության նվիրական գործին: «Դա է մեր կրթօջախի վեհագույն առաքելությունը», -ընդգծեց տնօրենը։
Դասասենյակում մեղմորեն սահեցին հայկական մեղեդիների հոգեհարազատ հնչյուններ։

Դաս-միջոցառումն ավարտվեց հաճելի հյուրասիրությամբ։

Մեկ անգամ ևս հաստատվեց այն ճշմարտությունը, թե՝ շնորհիվ հայ եկեղեցու ու հայ դպրոցի բազում դարեր մեր ազգը պահել է իր նկարագիրն ու ազգային դիմագիծը՝ Հայ է մնացել։
Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից

odesaodesaodesa1 odesa2odesa3 odesa5

Scroll Up