Իրաքի Էրբիլ քաղաքում կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հայաստանը նախատեսում է Իրաքի Էրբիլ քաղաքում բացել ՀՀ գլխավոր հյուպատոսություն:

Այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարիների ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:

«Հայ-իրաքյան հարաբերություններում առևտրատնտեսական համագործակցությունն առավել դրսևորվում է իրաքյան Քուրդիստանում, որը, մասնավորապես, պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ` նպաստավոր այլ գործոններով: Քուրդիստանը, լինելով Իրաքի կազմում, ունի ինքնավար կարգավիճակ, որտեղ գործում են երեք տասնյակից ավել օտարերկրյա ներկայացուցչություններ: Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվար դառնալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն  ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ նպատակահարմար է Էրբիլում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսության»,– նշված է ՀՀ արտգործնախարարության եզրակացության մեջ:

Scroll Up