Հայերենը մեր ժողովրդի հոգևոր կերպարն է. Մայրենիին նվիրված կոնֆերանս Սարատովում

Մայրենի լեզուն մեր՝ հայերի աշխարհն է, մի աննկարագրելի կամքի ուժի ու եռանդի աշխարհ, որտեղ մարդը պատրաստ է հաղթահարելու ամեն բարձունք ու խոչընդոտ: Այս դյուցազնական աշխարհում է կոփվել մեր հոգին։

Ճակատագրի դաժան փորձությունների միջով անցած, եղեռն ու կոտորած տեսած տոհմիկ հայ ազգը շարունակում է խոսել իր տիեզերական լեզվով, որը երբեք չկորցնելով ուժն ու զորությունը՝ տարածվում է ողջ աշխարհով: Եվ պատահական չէ, որ այսօր Սփյուռքում գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, որտեղ ուսուցանում են մեր հիասքանչ լեզուն, հարուստ պատմությունն ու մշակույթը: Այդ դպրոցների շարքում է նաև Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի Հայոց լեզվի, պատմության, էթնոմշակութային ավանդույթների ուսումնասիրման ստուդիան, որի սաները հավատարիմ են մնում մայրենին պահպանելու և սերունդներին փոխանցելու առաքելությանը:

Փետրվարի 18-ին Սարատովի պետական համալսարանի Պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Հայերենը մեր ժողովրդի հոգևոր կերպարն է» խորագրով ստեղծագործական կոնֆերանս՝ նվիրված Մայրենիի օրվան՝ փետրվարի 21-ին, որը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման՝ նշվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

Կոնֆերանսը կազմակերպվել էր ՍՄՀԿ Սարատովի մարզի  « Կռունկ» հայկական համայնքի և Սարատովի պետական համալսարանի Պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Մերձվոլգյան տարածաշրջանի հայության մշակույթի ու պատմության ուսումնասիրման գիտակրթական կենտրոնի ուժերով:

Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ գիտակրթական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր Վաչագան Ալբերտի Չոլախյանը: Նա իր խոսքում կարևորեց ազգային և էթնիկ ինքնության կազմավորման գործում հայոց լեզվի դերն ու նշանակությունը, ընդգծելով, որ աշխարհում չկան լավ և վատ լեզուներ, ինչպես որ չկան լավ ու վատ ազգեր: Յուրաքանչյուր մշակույթ, ինչպես և յուրաքանչյուր լեզու, իր մեջ կրում ու պահպանում է ժողովրդի զարգացման պատմությունը, նրա ներաշխարհն արտացոլող հոգևոր, էթնիկ, սոցիալական, գեղարվեստական և կրթական իդեալները:

Պարոն Չոլախյանի ողջույնի խոսքին միացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր Դանիիլ Միրոնի Պուչինյանը. «Դուք՝ հայերի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներդ, ապրում եք ազատ երկրում, որը բացել է ազգային մշակույթն ուսումնասիրելու բոլոր հնարավորությունները, իսկ «Կռունկ» հայկական համայնքում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայրենիին տիրապետելու համար»:

Լիագումար նիստը սկսվեց պրոֆեսոր Չոլախյանի հայոց լեզվի զարգացման պատմությանը և ազգաստեղծ գործում նրա ունեցած դերի ու նշանակության մասին զեկույցով:

Ներկաների մոտ առանձնահատուկ հետաքրքրության արժանացավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը՝ Մայրենիի օրվա առիթով:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համբարձում Վլադիմիրի Համբարյանն իր խոսքում անդրադարձավ Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը և 405 թ. հայոց գրերի ստեղծման պատմությանը. «Մեսրոպ Մաշտոցը  հայոց  պատմության մեջ մեծագույն անհատ է, իսկ նրա գործը՝ գերագույն սխրանք: Անկախության կորստից հետո ընկած ժամանակահատվածում պահպանել ազգային ինքնություն, այսինքն՝ հայ ժողովրդի քաղաքական, կրոնական և մշակութային յուրահատկությունները, հնարավոր էր միայն սեփական այբուբենը ստեղծելու միջոցով : Հենց այս սուրբ գործին է նվիրել իր ճգնավորակյաց կյանքը Մեսրոպ Մաշտոցը՝ աջակցություն  ստանալով Վռամշապուհ արքայից և Սահակ Պարթև կաթողիկոսից»:

ՍՄՀԿ Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի մշակույթի և լուսավորչական աշխատանքների  հարցերով պատասխանատու Նունե Լեկդարի Բարեղամյանը ելույթ ունեցավ «Հայերենը՝ գրական գոհարներում» թեմայով, որի վերջում կոչ արեց միշտ և ամենուր խոսել ոսկեղենիկ մայրենիով, քանի որ մեր լեզուն է մեր ազգի պահապան հրեշտակը, մեր լեզուն է մեր ազգային նկարագրի կերտողն ու հայի կերպարի վրձնողը։ Չի լինի նա՝ չենք լինի մենք՝ որպես ազգ, չի լինի նա՝ չենք լինի մենք՝ որպես աշխարհում իր տեղն ու դերն ունեցող ժողովուրդ։

Կոնֆերանսին ելույթ ունեցան նաև Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի Հայոց լեզվի, պատմության, էթնոմշակութային ավանդույթների ուսումնասիրման ստուդիայի սաները, որոնք մասնակցել էին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հայտարարած «Իմ քաղցր լեզու»  թեմայով շարադրությունների մրցույթին:

Իրենց շարադրություններում մասնակիցները պատմում էին այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են հայերենը ուսումնասիրելիս, ինչպես նաև մայրենիի նկատմամբ ունեցած իրենց սիրո  և  նրա պահպանման կարևորության մասին:

Զեկույցներն ուղեկցվում էին հայոց լեզվի մասին հետաքրքիր և տեղեկատվական շնորհանդեսներով, որոնք ներկաները դիտեցին մեծ   հետաքրքրությամբ: Ունկնդիրները հատուկ  ոգևորությամբ  ողջունեցին  ստուդիայի մանուկ սաների և «Կռունկ» երիտասարդական թատրոնի արտիստների կատարումը (ղեկավար՝ Նունե Բարեղամյան):

Միջոցառումն ավարտվեց մրցույթի և կոնֆերանսի մասնակիցների հանդիսավոր պարգևատրությամբ, որոնց թվում էին՝ Անդրանիկ Չիլինգարյանը, Գայանե Էրջանին, Անի Սարգսյանը, Լիլիա  Մուսայելյանը, Սաթենիկ Պապյանը, Աննա Ավթանդիլյանը, Նելլի Մխիթարյանը, Մերի Մխիթարյանը, Սիփան Մխիթարյանը, Սամվել Հայրապետյանը, Նարինե Քոչարյանը, Սոֆի Գասպարյանը, Ալբերտ Ստեփանյանը, Եվա Աղաքարյանը, Աննա Սիրունյանը, «Սաթենիկ» երգի խումբը:

Հետաքրքիր  և խորիմաստ միջոցառումն անցավ մեծ հաջողությամբ ու ցնծությամբ՝ մարդաշատ  լսարանում:

Ի մի բերելով կոնֆերանսի աշխատանքները՝ մասնակիցներն ու կազմակերպիչները հնչեցրին և հաստատեցին այն միտքը, որ հայերենը՝ մեր մայրենին, շքեղ և աստվածատուր լեզու է, նա՛ է մեր ազգային ինքնության պահպանման երաշխիքը: Այն պետք է պահպանե´լ և փոխանցնե՛լ սերնդեսերունդ՝ մաքուր և կատարյալ վիճակում, ինչպես որ ժառանգել ենք մեր նախնիներից: Դա յուրաքանչյուր հայի սրբազա՛ն պարտքն է:

Կոնֆերանսն ավարտվեց  «Սաթենիկ» երգի խմբի հիանալի ելույթով (ղեկավար՝ Մարինա Բոյաջյան):

Հանդիպման մասնակիցները Սարատովի մարզում ապրող հայերի երիտասարդ սերնդի անունից շնորհակալություն են հայտնում անվանի գիտնականներ, պրոֆեսորներ Վաչագան  Ալբերտի Չոլախյանին, Դանիիլ Միրոնի Պուչինյանին, Համբարձում Վլադիմիրի Համբարյանին մեր ժողովրդի մշակույթի ուսումնասիրման ընթացքում իմաստուն  խորհուրդների և մշտական  աջակցության համար,  Սարատովի պետական համալսարանի ղեկավարությանը, «Կռունկ», հայկական  համայնքի ղեկավարությանը՝  ի դեմս նախագահ Համլետ Հովհաննեսի Շառոյանի, փոխնախագահ Արայիկ Ղարիբի Քոսյանի, երիտասարդական կազմակերպության նախագահ Զորիկ Գրիգորիի Համբարձումյանին, համայնքի քարտուղար Իննա Առաքելի Հախվերդյանին, նկարիչ Աշոտ Արտուշի Խաչատրյանին կոնֆերանսի աշխատանքների կազմակերպմանը օգնելու  և աջակցելու համար:

%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be2 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be3%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be4 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be5%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be6 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be7 %d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%b8%d5%be8

Scroll Up