Ռումինիայի Հայոց թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ

Այս տարի լրացավ Սումգայիթյան ջարդերի 29-րդ տարելիցը: 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը: Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Տարբեր ազգությունների կողքին այնտեղ ապրում էին նաև շուրջ 18000 հայեր, որոնց համար 1988 թվականի փետրվարյան օրերը դարձան ճակատագրական. նույն ծրագրված ցեղասպանությունը, նույն դահիճների ձեռքով: Պատմությունը կրկնվում էր:

Այս առիթով փետրվարի 26-ին Բուխարեստում և Ռումինիայի Հայոց թեմի մյուս հայաշատ քաղաքներում, հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագի, տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Այս ամենից 29 տարի է անցել, բայց ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները: Այն, ինչ հայ ազգաբնակչության հետ Սումգայիթում կատարվել է 1988թ. և դրանից հետո, ցեղասպանություն է: Կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը: Սումգայիթի նախճիրը դարձավ հայերի՝ Հայաստանի հետ միանալու ցանկության պատասխանը, որի հիմնական նպատակն էր խանգարել հիմնախնդրի հնարավոր լուծմանը, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղութուններով և ստիպել նրանց, որպեսզի հրաժարվեն ազատագրական շարժումից:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և համոզմունք հայտնում, որ մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից: Անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում են նոր ջարդերի և բռնությունների, որի ականատեսներն ենք այսօր»:

Հավարտ Ս. պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Հոգեհանգստյան կարգեր ու միջոցառումներ տեղի ունեցան նաև Կոնստանցայում, Սուչավայում, Ֆոկշանում և մյուս քաղաքներում:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամեն:

 

Scroll Up