Արցախը պաշտպանում ենք բոլորս միասին՝ հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը. Բակո Սահակյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/Սահակյան.jpg)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպաններին տոնի առթիվ:
Ուղերձը «Հայերն այսօր»-ը ներկայացնում է ստորև.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր քաջ զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր իրենց ամենօրյա անձնվեր ծառայությամբ պաշտպանում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բոլոր նրանց, ովքեր օրհասական պահին կանգնում են սահմանը պահող զինվորի կողքին եւ իրենց անգնահատելի մասնակցությունը բերում հայրենիքի պաշտպանության գործին:
Այսօր տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ, ինչպես բազմիցս ենք նշել, մեր երկիրը մենք պաշտպանում ենք բոլորս միասին՝ շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու բարերարը, հեռավոր գյուղի բնակիչն ու սփյուռքահայ դպրոցականը: Ապրիլյան քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց այդ անհերքելի ճշմարտությունը: Հայրենիքը երախտապարտ է իր նվիրյալներին:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր զինվորներին` ամուր ոգի եւ անփորձանք ծառայություն: