Հանրաքվեն ևս կօգնի պետական համակարգի կայացմանը. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ներկայացուցիչ

Փետրվարի 20-ին տեղի ունեցած՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեն ևս կօգնի պետական համակարգի կայացմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA)ներկայացուցիչ Մայքլ Քեմբեկը և նշել, որ կազմակերպության անդամները եղել են նաև առաջնագծում:

«Առաջնագծում զրուցել ենք զինվորների և սպաների հետ: Ծանոթացել ենք առաջնագծում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, մեր այցելած ընտրատեղամասերում խախտումներ չենք նկատել: Հանրաքվեին բնակչության 76.5 տոկոս մասնակցությունը և 87.6 տոկոս «Կողմ» քվեարկելը խոսում է միմիայն ժողովրդի անկախ կամքի մասին»,- ասել է Մ. Քեմբեկը և հավելել, որ որոշ ընտրատարածքներում տեխնիկական թերություններ են նկատել, որոնք չէին կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա:

Scroll Up