Տեառնընդառաջը Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Թեև փետրվարյան սառնշունչ երեկո էր, Օդեսայի ծովափնյա Գագարինյան բարձունքի վրա վեր հառնած հայկական եկեղեցու բակում խմբվել էին բազմաթիվ հավատավոր հայեր և նորապսակ զույգեր։ Հնչեցին զանգակատան զանգերի ախորժալուր ղողանջները և նրանց հրավիրեցին սուրբ տաճար՝ մասնակցություն բերելու երեկոյան ժամերգությանը։ Այն նվիրված էր Տեառնընդառաջին՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնին։
Կատարվեց նախատոնակ, որն ավետեց Տերունի տոնի սկիզբը։
Ինչպես մեկնաբանեց Տեր Աբգար քահանա Գըլըճյանը՝ Տեառնընդառաջը նշվում է Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին և հայտնի է ժողովրդախոսակցական տարբեր անվանւմներով՝ Տերընդեզ, Տերընդնտես… Տոնը Հիսուսի մանկության շրջանից մեզ հասած կարևոր իրադարձություններից է, որը մեկ անգամ ևս հաստատում է փրկագործության խորհուրդը…
Հոգևոր հովիվը նշեց, որ այսօրվա հիշատակի ու տոնի անվանումը, որը նշանակում է«ելնել Տիրոջն ընդառաջ», հավաստում է Նրան մեր սրտի մեջ ընդունելը.
-Տեառնընդառաջի տոնը անցյալում կատարված դեպքերի հիշողություն չէ: Այն ներկայություն է, և այսօրվա քրիստոնյաները, Սիմեոն ծերունու օրինակով, կոչված են ընդառաջ գնալու Հիսուս Մանկանը՝ փաստելով ու հաստատելով, որ Տերն է Փրկիչը, Առաջնորդը, Լույսը։
Քահանայի խոսքերն ունկնդրելիս միտս եկավ մեր մեծերի բարեմաղթանքներից մեկը. «Երկա՜ր ապրես` Սիմեոն ծերունի դառնաս»: Եվ ակամայից երկմտեցի. «Գու՞ցե շատերն այս ասելով սոսկ երկարակեցությունը նկատի ունեն, փաստորեն, իրականում այն Աստծուն տեսնելու մե՜ծ փափագն է»:
Որ այս գեղեցիկ ծեսը, տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս, հուշեցին հոգեպարար աղոփթքներն ու հոգևոր երգի ախորժալուր մեղեդիները՝ տոնին ձոնված շարականների հնչյունները։ Ներկաները համակ ուշադրությամբ ունկնդրեցին ավետարանական ընթերցումներ՝ Միածին Որդու տաճար գալու կապակցությամբ։
Շարունակելով տոնի խորհրդի ոգեշունչ մեկնությունը՝ Տեր Հայրը նշեց, որ ծնվելուց 40 օր հետո մանկանց տաճար բերելու և Աստծուն նվիրելու ավանդույթը պահպանվել է մեր Եկեղեցում, մեր ժողովրդի հոգում: Այսօր էլ շատ հայ մայրեր իրենց քառասունօրյա մանուկներին բերում են սուրբ տաճար, ուր քահանան հատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն` հայցելով, որ Բարձրյալի ամենազոր Սուրբ Աջը միշտ առողջ պահի նրան և արժանացնի սուրբ Հաղորդությանն ու Երկնքի արքայությանը: Միաժամանակ կատարվում է մայրերի մաքրագործման արարողակարգ: Այս գեղեցիկ արարողությունն է, որ մեր ժողովրդին հայտնի է Քառասունք անվանմամբ:
Նախատոնակի ավարտին կատարվեց Անդաստանի արարողությունը։ Աշխարհի չորս ծագերի օրհնությունից հետո, «Քրիստոս փառաց» տաղի երգեցողությամբ կանթեղից վառված կեռոնով քահանան Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին:
Եկեղեցում արտասովոր լուսավորություն էր տիրում, քանզի ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Ժամերգությունը մատուցվեց՝ մասնակցությամբ Արման սարկավագի, Էդմոն ուրարակրի և Աստծո տան մյուս հոգևոր սպասավորների։
Ինչպես գիտենք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր, որպեսզի զորանա նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Հետևաբար՝
Խոնարհ ու լուռ կանգնած դեմը խորանի,
Օրհնեց քահանան հագած ծիրանի,
Մաղթեց, որ մի բարձի աստված ծեր անի,
Ամենքն էլ նրանց տվին հազա՜ր երանի։
Նա երիտասարդներին հորդորեց՝ սեփական կյանքից ներս առատացնել աղոթքը, որպեսզի հոգևորն առավել զորանա և իր մաքրամաքուր խորհրդով ուղեկցի իրենց կյանքի բոլոր օրերին։
Գիտենք՝ տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է խարույկավառությունը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը։
Հետևաբար, եկեղեցու բակում, ներկայությամբ բազում ուխտավոր հայերի, Տեր Աբգարի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը, և կրակը վերցվեց աղոթատան բուն կանթեղից: Թեև Տերընդեզի խարույկին մեր ժողովուրդը վերագրում է մոգական՝ մաքրագործելու, չարից ազատելու հատկություններ, ծխի ուղղությունը որոշելով՝ գուշակություններ կատարում, ըստ հոգևոր հովվի՝ Տյառընդառաջի խարույկը վառելը հեթանոսական դրսևորում չէ, և քրիստոնյաները դրանով չեն արտահայտում իրենց պաշտամունքը կրակին, այլ խարույկի լույսի և ջերմության միջոցով հաղորդակից են դառնում Քրիստոսի լույսին ու ջերմությանը։
-Եկեղեցու բակում վառվող մեծ «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծու սիրո հուրն ենք հայցում: -Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն…
Եվ ճարճատող խարույկի շուրջ բոլորեց պարը՝ երիտասարդներին առնելով շրջանի մեջ։ Ահել ու ջահել հանդես եկան ազգային երգ ու պարի կատարումներով։ Բոլորն էին խանդավառված, քանզի հարազատ միջավայրում էին գտնվում․ հանպատրաստից հնչեցին հայրենաշունչ բանաստեղծություններ՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Խոսք իմ որդուն», «Սասունցիների պարը»։ Աստվածային լույսի և հույսի տոնը վերածվեց ազգային մի գեղեցիկ տոնախմբության…
Խարույկը փոքր-ինչ հանդարտվելուց հետո երիտասարդ զույգերը ցատկեցին նրա վրայով՝ մայրանալու, հայրանալու և երջանիկ ապրելու ակնկալիքով։
Մարդիկ, մայր խարույկից վառելով իրենց հավատքի մոմերը, Քրիստոսի փրկարար լույսը տարան տուն՝ Նրա լույսով լուսավորելու իրենց օջախները։
Նարինե Մուրադյան
ք.Օդեսա, «Հայերն այսօր»-ի արտահաստիքային թղթակից