Տաթեւում կատարվել է 25 նորապսակների օրհնության կարգ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ Տաթեւ համայնքում Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվել:

Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, կատարվել է ավելի քան 25 նորապսակների օրհնության կարգ, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն, երգ ու պար։

«Նման նախաձեռնությունները մտերմացնում են նորաստեղծ ընտանիքներին, իսկ Տաթևի բնակիչներն իրենց առավել ներգրավված են զգում համայնքային կյանքին»,-Մեդիամաքսի փոխանցմամբ՝ ասել է Հայր Միքայելը։ Նրա խոսքով, այսպիսի միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, հոգեւոր կյանքի զարթոնքին և ազգային ավանդույթների պահպանմանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ տոնական միջոցառումները նպատակ են հետապնդում ոչ միայն համախմբել երիտասարդ զույգերին, այլեւ տոների միջոցով զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը Տաթեւի տարածաշրջանում:

Scroll Up