Ամերիկայի հայկական համագումարը հաջողված միջոցառում հյուրընկալեց Կալիֆորնիայում

Անցյալ ամիս Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) իր ամենամյա Ամանորյա հավաքն անցկացրեց Համագումարի Խորհրդի անդամ Թալին Յակուբյանի և նրա ամուսին Վարուժ Բաբիկյանի տանը՝ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:
Միջոցառումը բացեց Համագումարի Խորհրդի քարտուղարի տեղակալ Լիսա Կալուստյանը՝ ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով տանտերերին՝ Թալին Յակուբյանին և Վարուժ Բաբիկյանին հյուրընկալության համար:
«Ուրախ ենք հյուրընկալել այս տարվա հավաքը և կիսվել անցյալ տարվա ընթացքում Ամերիկայի հայկական համագումարի ձեռքբերումներով այսքան անդամների և աջակիցների հետ», – հայտարարեց Յակուբյանը: «Հատկապես երախտապարտ ենք այսօր Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին՝ մեզ հյուրընկալվելու համար: Անշուշտ մեծ տարբերության կա Հայաստանում և Արցախում իրավիճակի մասին նորությունները կարդալու և առաջին ձեռքից հաշվետվությունները լսելու միջև: Հպարտ ենք, որ Համագումարը շարունակում է խթանել հայկական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումը և աշխատում է ամրապնդել և՛ ԱՄՆ-Հայաստան, և՛ ԱՄՆ-Արցախ հարաբերությունները», – ավելացրեց նա:
Վարդանյանը հյուրերին համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ զարգացումներին առնչվող հարցերի և գործունեության լայն շարք, այդ թվում` Տավուշում և շփման գծի մերձակա գյուղերում վերջինիս կողմից անցկացված հարցազրույցները: Հավաքի ընթացքում Վարդանյանը կոնգրեսական Ջուդի Չուիի (դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից պատվոգիր ստացավ Միացյալ Նահանգների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապերի ամրապնդման համար, ինչպես նաև առաջնագծում իրավիճակի մասին Հայաստանում և Արցախում անհատների պատմությունները հավաքելու հարցում խանդավառության և անձնուրաց նվիրվածության համար Լոս Անջելես քաղաքի պատվոգիր ստացավ՝ քաղաքապետ Էրիկ Գարսետտիի ստորագրությամբ:
«Ինձ համար պատիվ է ստանալ այս պատվոգրերն՝ ի նշան Հայաստանում և Արցախում Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքի¦, – ասաց Վարդանյանը: «Հայկական սփյուռքի իրականացրած աշխատանքն աննկատ չի մնում և ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա: Մեր Սփյուռքը պետք է հպարտանա այդ աշխատանքում իր դերակատարմամբ: Մենք «ձայն ենք տալիս ձայնազուրկներին», ինչպես քաղաքապետ Գարսետտին է գրել», – շարունակեց նա:
Միջոցառմանը ներկա էին Կալիֆորնիա նահանգի օրենսդիր պալատի անդամ Ադրին Նազարյանը, Գլենդելի քաղաքապետ Փաուլա Դևայնը, Գլենդելի խորհրդի անդամներ Զարեհ Սինանյանը և Վարդան Ղարպետյանը, Գլենդելի Դպրոցների միավորված շրջանային կրթական խորհրդի նախագահ դոկտոր Արմինա Ղարպետյանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա) շրջանային ներկայացուցիչ Մերի Հովագիմյանը, կոնգրեսական Չուի տեղական ներկայացուցիչ Աննա Իսկիկյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի ներկայացուցիչ Քրիսթին Ջերյանը:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: