Գառնիում ճոպանուղի կկառուցվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/Գառնի.jpg)
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է Գառնիում ճոպանուղի կառուցել: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք մոտ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնելու:
«Մենք մեր ներկա քաղաքականությունը որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղությամբ»- ասել է Արծվիկ Մինասյանը:
Մանրամասնելով Գառնիի ճոպանուղու ծրագիրը, նախարարը նշել է, որ այն ներառում է Քարերի սիմֆոնիայի հուշարձանն ու Խոսրովի անտառ արգելոցը:
«Ուզում ենք իրականացնել ծրագիր, որն ուղիղ կապ կունենա նաև Խոսրովի անտառ արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կապահովի: Ընդհանուր նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի Քարերի սիմֆոնիայի մոտ»,- panarmenian.net-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատմամբ ծրագիրը կարժենա մոտ 5 մլն դոլար:
Նա նշել է, որ այժմ աշխատում են նախագծումների վրա: Նախատեսվում է կառուցել նաև կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ: