Պետք է կարողանանք Հայաստանի լավագույն հատվածները ճիշտ քարոզել այնպես, ինչպես Արցախում են անում. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում. սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից զբոսաշրջությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը, ըստ նախարարի,  կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ վերջին 25 տարվա ընթացքում  տուրօպերատորներն իրենց  հնարավորությունների սահմաններում փորձել են նպաստել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: «Պետք է շեշտել, որ առաջին տուրօպերատորները սփոյուռքահայերն էին, որոնք բերեցին նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր կապեր: Նրանք ոչ միայն  Հայաստանը ճանաչելի դարձրեցին աշխարհին, այլև մեր հայրենակիցներին կապեցին հայրենիքի հետ»,-  ասաց նախարարը:

Այդուհանդերձ, ըստ Հրանուշ Հակոբյանի, այս ամենը բավարար չէ, համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում հնարավոր է շատ ավելի լավ արդյունքերի հասնել տուրիզմի բնագավառում:

Նա նշեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի հետ քննարկել են, որ առաջնահերթ պետք է աշխատանքներ տարվեն օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝  անկախության տարիներին Հայաստանի համար դժվար էր զարգացնել զբոսաշրջության ոլորտը, այսօր արդեն կարող ենք ասել, որ 25 տարիների ընթացքում հյուրանոցաշինության, ճանապարհաշինության, սպասարկման ոլորտներում մեծ հաջողություններ են գրանցվել: Մինչդեռ, ըստ նրա, ամենամեծ բացթողումն այն է, որ չենք կարողանում՝ ըստ արժանվույն ներկայացնել  մեր երկիրը:

«Մենք ներկայացման խնդիր ունենք, այդ ներկայանալի դառնալու խնդիրը մեզ մոտ բաց է: Մարդիկ ընդամենը 200 տարվա պատմություն ունեն, բայց կարողանում են շատ գեղեցիկ իրենց մատուցել: Մենք այստեղ խնդիր ունենք, դրա համար պետք է աշխատենք: Անելիքներ շատ կան»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ հայկական ավանդույթները, սովորույթներն այնքան գեղեցիկ են, որ ճիշտ ներկայացնելու դեպքում մեծ հաջողություններ կգրանցենք:
Նախարարը  մատնանշեց Արցախի զբոսաշրջության  վարչության օրինակը, որը, նրա գնահատմամբ,  փայլուն է աշխատում:

Հ. Հակոբյանի խոսքերով՝ Արցախում  տուրիստական երթուղիները մշակված են աննկարագրելի ճիշտ: «Եթե մենք կարողանանք այդպիսի երթուղիներ մշակել, ապա լուրջ հաջողություններ կարող ենք գրանցել: Պետք է կարողանանք Հայաստանի լավագույն հատվածները ճիշտ քարոզել այնպես, ինչպես Արցախում են անում»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նույնպես փաստեց, որ Հայաստանը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, սակայն պետք է կարողանալ ճիշտ և գրավիչ ներկայացնել երկիրը: Ըստ նրա՝ Զբոսաշրջության զարգացման 2017-2020 թթ-ի հայեցակարգում ընտրել են այն թիրախները, որոնց վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնեն:

Զարմինե Զեյթունցյանի խոսքերով՝ հայեցակարգի հիմնական կետերից է լինելու սփյուռքի բոլոր հարթակներում Հայաստանի մասին գրավիչ տեղեկատվության տարածումը: «Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը՝ 50 տոկոսը սփյուռքից է: Նրանք հիմնականում գալիս են ծանոթանալու իրենց արմատներին, պատմությանը, սակայն Սփյուռքում  Հայաստանի մասին տեղեկատվությունն ավելի շատ քաղաքականացված է և չի ներկայացվում Հայաստանն իր բազմազանությամբ: Ուստի մեր ռազմավարության հիմնաքարը Սփյուռքի բոլոր հարթակներում Հայաստանի մասին գրավիչ տեղեկատվության տարածումն է»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ ասաց  Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Scroll Up